ՄինՎոդիում արտակարգ դրություն է հայտարարվել
Հասարակություն
13:20 02/06/2026
Աշխարհ

ՄինՎոդիում արտակարգ դրություն է հայտարարվել

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Այդ մասին հայտնում է 1tv.ru լրատվականը։ Երկրամասի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովը նշելել է`  որոշումը թույլ կտա արագացնել տուժած բնակավայրերին անհրաժեշտ օգնության տրամադրումը։

Երկրամասի խոսքով՝ անցած շաբաթվանից շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով Միներալնիե Վոդիում և Լևոկումկա գյուղում ջրհեղեղներ են գրանցվել։ Ջուրը լցվել է առնվազն 36 բնակելի տուն։ Իշխանությունները պատրաստել են նաև ժամանակավոր կացարաններ՝ իրավիճակի հնարավոր սրման դեպքում բնակիչներին տեղավորելու համար։

Միաժամանակ Միներալնիե Վոդիի շրջանը շարունակում է հաղթահարել ուժեղ կարկտահարության հետևանքները։ Նախնական տվյալներով՝ վնասվել է ավելի քան 60 շենքի տանիք։

Ստավրոպոլի երկրամասում տարերային եղանակային պայմանները սկսվել էին դեռ մայիսի վերջին։ Ուժեղ անձրևների պատճառով մի շարք շրջաններում խաթարվել էր տրանսպորտային հաղորդակցությունը, իսկ որոշ ճանապարհներ ժամանակավորապես փակվել էին։

Մայիսի 26-ին տարածաշրջանի առանձին հատվածներում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 108-ից մինչև 271 տոկոսը։ Արդյունքում Կալաուս և Եգորլիկ գետերում ջրի մակարդակը հասել է վտանգավոր ցուցանիշների։ Հետագա օրերին տեղատարափ անձրևները շարունակվել են՝ ուղեկցվելով ամպրոպներով, կարկուտով և ուժեղ քամիներով, որոնց արագությունը որոշ վայրերում գերազանցել է վայրկյանում 20 մետրը։

Բարդ իրավիճակը խորացել է նաև Միներալնիե Վոդիի գլխավոր կոյուղու մաքրման կայանում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով։ Տեղատարափ անձրևների պատճառով ջրի տակ են անցել պոմպային և էլեկտրական սարքավորումները, ինչի հետևանքով դրանք շարքից դուրս են եկել։

Ստեղծված իրավիճակի պատճառով կոմունալ ծառայությունները տեղափոխվել են աշխատանքի բարձր պատրաստվածության ռեժիմի։ Վլադիմիր Վլադիմիրովը կոչ է արել այն շրջանների ղեկավարներին, որտեղ իրավիճակը շարունակում է մնալ ծանր, անհապաղ հայտարարել արտակարգ դրություն՝ հետևանքների վերացման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՄինՎոդիում արտակարգ դրություն է հայտարարվել