Մեր հսկայական մշակութային պաշարն այս իշխանությունը մսխեց, բայց դեռ տակը մնացել է, իսկ վերարտադրվելու դեպքում իր սև գործն արագ կավարտի. Կարո Վարդանյան
Մշակույթ
12:12 04/06/2026
Հայաստան

Մեր հսկայական մշակութային պաշարն այս իշխանությունը մսխեց, բայց դեռ տակը մնացել է, իսկ վերարտադրվելու դեպքում իր սև գործն արագ կավարտի. Կարո Վարդանյան

Քաղաքական ուժերը քարոզարշավի ընթացքում գրեթե մշակութային ոլորտին չեն անդրադառնում, ինչը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հենց մշակութային գործիչները, մտավորականներն են անտարբեր կամ բավարար ուշադրություն չեն դարձնում մշակույթին, իհարկե, կան բացառություններ։ Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը։

Ըստ նրա, խնդիրը չի վերաբերում միայն աղետալի այս վերջին 8 տարիներին, երբ մշակույթի ոլորտը հանդես եկավ միայն դիտողի դերում։

«Մտավորականը, մշակույթի գործիչը պետք է բոլոր իրավիճակներում առաջին գծում լինի։ Մենք դրան ենք սովոր, այդպես է եղել։

Ընդհանրապես, հասարակական, քաղաքական ցանկացած  իրադարձություն ստեղծագործական միություններում էր քննարկման դրվում, ղեկավարությունը հանդիպումներ էր ունենում մտավորականների հետ, բոլոր կարևոր խնդիրները միասին քննարկում էին, լսում էին արվեստի գործիչների դիտարկումները,  առաջարկները, իսկ եթե որևէ քայլ արվել էր, պարզում էին՝ ինչպիսին է նրանց արձագանքը։

Մեծահանճար Չարենցի, Շիրազի, Դաշտենցի անուններն այսօր տալիս ենք ավելի շատ  ոչ թե նրանց փառավոր ստեղծագործական ժառանգությունն ակնարկելու, հիշատակելու առիթով, այլ նրանց ըմբոստ կեցվածքի։ Պայքարել են մարդիկ, չեն հարմարվել ամեն եկող ու գնացող ռեժիմի հետ, այն էլ ինչ ռեժիմների դեմ են պայքարել։ Այդպես պետք է լինի»,- ասաց գրականագետը։

Կարո Վարդանյանը նշեց, որ կարելի է 1-2 ամիս մոլորված լինել, բայց այս վերջին ռեժիմը, զարհուրանքն իր քայլերով արագ տեսանելի դարձրեց, թե ինչ հանգրվանում են։

«Բայց ո՞վ վեր կացավ, խոսեց։ Այդ անտարբերները մի կողմ, մի հստակ բանակ էլ դիրքավորվեց սրանց կողքին։ Լավ, ընդունենք տասնամյակներով սովորեցրել են մտավորականին պալատական լինել։ Ենթադրենք, ընդունեցինք, այդպես է դրվածքը եղել։ Եղբայր, հասկացանք, իշխանություն է փոխվում, առավել ակտիվները ձգտում են դեպի պալատ, ախր պալատը սրանն էր, նրանն էր, այս ղեկավարինն էր, մյուսինն էր, բայց երբ որ հայտնվեցիք ՔՊ-ի հավաքատեղիում, պարզ երևաց, որ սրանցը պալատ չէ, ախոռ է, այս մարդիկ փողոցից եկած ինչ-որ զանգված են։ Այնուամենայնիվ, տեղավորվեցին, դիրավորվեցին նրանց կողքին զուտ այն պատճառով, որ կերակրատաշտը սրանց ձեռքին է։ Սա շատ արատավոր, ամոթալի երևույթ է, այն էլ, երբ խոսքը մտավորականության, արվեստի գործիչների մասին է»,- ասաց նա։

Կարո Վարդանյանն ընդգծեց, որ ներկայիս, ճամպրուկները հավաքող ուժի տարբերակիչ հատկանիշն է՝ մեր ինքնության, մշակութային ժառանգության դեմ պատերազի դուրս գալը։

«Այս ռեժիմը դուրս է եկել մեր դարավոր ավանդույթների դեմ։ Ոչ միայն մերժում և ուրանում են, կարծեք, այնքան հարազատ են մեր ոխերիմ թշնամու՝ Ադրբեջանի հետ, որ դաշնակցում են. Ադրբեջանը հայտարարում է՝ իբր հինավուրց ազգ են, ամենահին բնիկն այստեղ, մեզ էլ որպես թափառախմբի պարզապես հյուրընակելել են, և որպեսզի իրենց դատարկ մշակութային հենքը լցնեին, վերջին 100-150 տարվա ընթացքում սրիկայի նման գողանում էին մերը, իսկ հիմա դաշնակցելով իրենց կամակատարների՝ Հայաստանի իշխանության հետ, այդ դատարկությունը լցնում են հայկական մշակույթով՝ իբր թե իրենցն է եղել ի սկզբանե»,- ցավով արձանագրեց Կարո Վարդանյանը։

Նա համոզված է, եթե մեր փոխարեն մեկ այլ ժողովուրդ հայտնվեր այս վիճակում, չէր դիմանա 8 տարի։

«Մեր մշակութային հենքը, պաշարը շատ խորն է, հսկայական է։ Սրանք ամեն օր, ամեն ժամ մսխեցին, բայց ինչ-որ բան մնացել է տակը։ Սրանք խաթարեցին, ապականեցին, հսկայական վնաս հարցրեցին, բայց դեռ չեն հասցրել մինչև վերջ իրենց գործն ավարտին հասցնել։

Բայց եթե իրենց մեթոդների արդյունքում վերարտադրվեն, իրենց սև գործը արագ կավարտեն։

Մենք վերականգնվելու հնարավորություն ունենք, իհարկե, դժվար է լինելու, բայց  պարտավոր ենք անել»,- ասաց գրականագետ, գրող Կարո Վարդանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր հսկայական մշակութային պաշարն այս իշխանությունը մսխեց, բայց դեռ տակը մնացել է, իսկ վերարտադրվելու դեպքում իր սև գործն արագ կավարտի. Կարո Վարդանյան