27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց uպшնությունը, նրան կրшկել է թիկնապահը. Ուշագրավ մանրամասներ
Իրավունք
16:08 05/06/2026
Հայաստան

27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց uպшնությունը, նրան կրшկել է թիկնապահը. Ուշագրավ մանրամասներ

Բացահայտվել է հերթական աղմկահարույց սպանությունը; Այս մասին հայտնում են ՔԿ-ից ու մանրամասնում, որ խոսքը վերաբերում է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանության դեպքին:

Կոմիտեից հիշեցնում են, որ 1999 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 15:30-ին, Երևան-Սևան մայրուղուց Նոր Հաճն-Ավան տանող խաչմերուկին հարող ամայի տարածքում հայտնաբերվել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննության արդյունքում որևէ անձ այդպես էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվել և դա այն պայմաններում, երբ Արծրուն Մարգարյանի դիակի վրա առկա է եղել 2 հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին ու գլխի աջ հետին հատվածում:

Արդյունքում, տվյալ ժամանակահատվածում նախաքննական մարմինը հանգել է հետևության, որ վերջինս գտնվելով հոգեկան երկարատև լարվածության վիճակում՝ դեպրեսիայի մեջ, կանգնելով իր համար ոչ ցանկալի փաստերի առջև ու չգտնելով այլ ելք, իրեն հատկացված հրազենից արձակված երկու կրակոցով ինքնասպանություն է գործել, ուստի սպանության դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործը 1999 թվականի սեպտեմբերի 20-ին կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։  

Դեպքից 27 տարի անց՝ ՀԿԳ քննիչի կողմից բարձր մասնագիտական գիտելիքների համադրմամբ կատարված պլանավորված, համակողմանի ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում՝ դիակի արտաշիրիմման և նոր դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արծրուն Մարգարյանը սպանվել է իր թիկնապահ Ա.Խ․-ի կողմից արձակված հրազենային կրակոցների հետևանքով: Միաժամանակ հիմնավորվել է, որ Արծրուն Մարգարյանը ֆիզիկապես չէր կարող նման հրազենային վնասվածքներ պատճառել ինքն իրեն։

ՔԿ-ից հայտնում են, որ սպանության բացահայտման առումով զգալի դժվարություն է առաջացրել նաև այն, որ քրեական վարույթի նյութերն առհասարակ բացակայում էին և սկզբնական փուլում Քննչական կոմիտեի տրամադրության տակ էին միայն քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը, դատարանի որոշումները և մի քանի այլ դատավարական փաստաթղթեր, սակայն տվյալ իրավիճակում վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն կարողացավ վերականգնել քրեական վարույթի նյութերը, այլև ձեռք բերել էական նշանակություն ունեցող ապացուցողական նյութեր, որոնք իրենց համակցության մեջ բավարար էին, որպեսզի նոր՝ երևան եկած հանգամանքի հիմքով նախ՝ որոշում կայացվի նախկինում եղած անհիմն որոշումները վերացնելու համար և երկրորդ՝ կայացվի որոշում նույն անձին՝ արդեն սպանության որակյալ հատկանիշով (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) որպես մեղադրյալ ներգրավելու համար։

2026 թվականի հունիսի 3-ին քննիչի միջնորդության հիման վրա՝ ծառայողական պարտքը կատարելու կապակցությամբ ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար Ա.Խ.-ի նկատմամբ հարուցվել է  հանրային քրեական հետապնդում և կալանքը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց uպшնությունը, նրան կրшկել է թիկնապահը. Ուշագրավ մանրամասներ