«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ դիմում ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով
Քաղաքական
17:50 05/06/2026
Հայաստան

«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ դիմում ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով

«Հանրապետություն» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Հիշեցնենք, որ  երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին կոչ է արել դիմել ԿԸՀ՝ այս հարցով։

«Կոնկրետ պահանջ ունենք՝ որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին իր որոշումը, քանի որ գտնում ենք, որ կան բավարար հիմքեր  այդ գրանցումը ԿԸՀ որոշմամբ անվավեր ճանաչել։ 

Երկրորդ կետով, եթե ԿԸՀ-ն գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա մենք պահանջում ենք, որպեսզի ԿԸՀ-ն օգտվի Ընտրական օրենսգրքով սահմանված իր իրավունքներից և նման պահանջով դիմի վարչական դատարան»,-  դիմումը ներկայացնելու հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը։ 

Նա նշեց, որ հիմքերը ճչուն են. «Արդեն երկու ամիս է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, հասարակական գործիչները բարձրաձայնում են տեղի ունեցող բազմաթիվ վատառողջ երևույթների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա, շեշտակիորեն փոխել ընտրությունների արդյունքը։ Խոսքն արտաքին ազդեցության, ֆինանսական թափանցիկության մասին է, խոսույթ կա՝ արտասահմանում Հայաստանի քաղաքացիների վրա ճնշում գորադրելով Հայաստան տեղափոխելու մասին։ Այս ամենը միտված է խափանելու ընտրությունների բնականոն ընթացքը։ Հայաստանի իշխանություններն ունեցել են անելիք, կարծում եմ, չեն արել, մենք էլ, երեկվա բանավեճում տեսաք ինչ եղավ, վարչապետը մեղադրանք հնչեցրեց արևմտամետ ուժերի ներկայացուցիչների, նաև Արամ Սարգսյանի հասցեին առ այն, որ ընկալում ստեղծվեց, որ իրենք ինչ որ գործիքներով սահմանափակված են, չեն կարողանում դիմել այդ քայլին, դուք ինչու չեք դիմել, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ բարձրաձայնել են այդ հարցերը, եթե ձեզ հարկավոր է  այդ դիմումը, որպեսզի ձեր ձեռքերի կապանքները բացվեն, մենք կտանք ձեզ այդ գործիքը։ Այս դիմումի իմաստն ու նպատակը գնդակը գործող իշխանության դաշտ փոխանցելն է»։

Դիմումը քննելու ժամկետների հետ կապված «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներն ասացին, որ  ԿԸՀ-ն պետք է հրավիրի արտահերթ նիստ. «Այս հարցը պետք է լուծվի մինչև քվեարկության նախորդող օրվա ավարտը՝ մինչև 24.00-ն»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ դիմում ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով