Մենք պետք է ատելության մթնոլորտը վերացնենք այս երկրից. Սամվել Կարապետյան
Քաղաքական
14:19 05/06/2026
Հայաստան

Մենք պետք է ատելության մթնոլորտը վերացնենք այս երկրից. Սամվել Կարապետյան

Նախընտրական քարոզարշավի  ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանը իր տան բակում հանդիպել է Վայոց ձորի և Արագածոտնի մարզի բնակիչներին՝ ներկայացնելով իր քաղաքական ուժի ծրագրերն ու երկրի զարգացման տեսլականը։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի առաջնային խնդիրը հասարակության համախմբումն է։ «Մենք ձեզ հետ միասին, առաջին հերթին պետք է այնպես անենք, որ այս ատելության մթնոլորտը վերացնենք այս երկրից»,-ասել է նա՝ ընդգծելով, որ հասարակական պառակտվածությունը խոչընդոտում է երկրի զարգացմանը։

Խոսելով մարզերի մասին՝ Կարապետյանը նշել է, որ Վայոց Ձորը և Արագածոտնը Հայաստանի ամենամեծ ներուժ ունեցող մարզերից են, սակայն այդ ներուժը չի օգտագործվել։ Նա խոստացավ խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո մարզային զարգացման լայնածավալ ծրագրեր, զբոսաշրջության խթանում և աշխատատեղերի ստեղծում։

«Մենք ստեղծելու ենք 300 հազար աշխատատեղ, և դրա հիմնական շահառուն լինելու են երիտասարդներն ու մարզերի կանայք»,- հայտարարել է բարերարը։

Նա նաև ներկայացրե է կրթական ոլորտի իր ծրագրերը՝ խոսելով միջազգային հեղինակավոր համալսարանների մասնաճյուղերը Հայաստան բերելու մտադրության մասին։

«Սորբոնը, Քեմբրիջը և աշխարհի լավագույն բուհերը պետք է ունենան իրենց ներկայությունը Հայաստանում»,- նշել է նա։

Անվտանգության թեմային անդրադառնալով՝ Կարապետյանը պնդել է, որ Հայաստանին անհրաժեշտ է ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն և ազգային շահերի հետևողական պաշտպանություն։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս իշխանությունները չեն կարողանում արդյունավետորեն ներկայացնել երկրի շահերը միջազգային հարթակներում։

Հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցեր են հնչել պատերազմի մասնակիցների, հաշմանդամություն ստացած զինվորների, գյուղական համայնքների և կրթության խնդիրների վերաբերյալ։ Կարապետյանը վստահեցրել է, որ պատերազմի մասնակիցներն ու վիրավորված զինծառայողները լինելու են պետության հատուկ ուշադրության կենտրոնում։

 «Հերոսները նորից դառնալու են հերոս, և բոլորը պետք է ունենան բարեկեցիկ կյանք»,–ասել է նա։

Դպրոցների հնարավոր փակման մասին հարցին պատասխանելով՝ քաղաքական գործիչը հայտարարել է, որ գյուղական համայնքների կրթական հաստատությունների պահպանությունը լինելու է իր ծրագրի կարևոր ուղղություններից մեկը։ Նրա խոսքով՝ դպրոցների անհարկի փակումը նպաստում է գյուղերի դատարկմանը և բնակչության արտագաղթին։

Ելույթի ավարտին Սամվել Կարապետյանը կոչ է արել իր աջակիցներին ակտիվ մասնակցել ընտրական գործընթացին՝ վստահություն հայտնելով իր քաղաքական ուժի հաղթանակի նկատմամբ։

 «Տրամադրվեք մեր հաղթանակին, տրամադրվեք մեր բացարձակ հաղթանակին»,–ասել է նա՝ ընդգծելով, որ հաջողության գրավականը համախմբվածությունն ու քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք պետք է ատելության մթնոլորտը վերացնենք այս երկրից. Սամվել Կարապետյան