Բուդապեշտում բողոքի ակցիա է անցկացվել ԵՄ միգրացիոն քաղաքականության շուրջ
Քաղաքական
19:00 06/06/2026
Աշխարհ

Բուդապեշտում բողոքի ակցիա է անցկացվել ԵՄ միգրացիոն քաղաքականության շուրջ

Բուդապեշտի կենտրոնում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները քննադատել են վարչապետ Պետեր Մագյարի կառավարության մոտեցումը Եվրամիության միգրացիոն քաղաքականության հարցում։ Ցուցարարները, ըստ կազմակերպիչների, հավաքվել էին իրենց անհամաձայնությունն արտահայտելու ԵՄ միգրացիոն պակտի հնարավոր կիրառման կապակցությամբ։

hungarytoday.hu-ի հաղորդմամբ, ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի «Տիսա» կուսակցության  կենտրոնական գրասենյակ, այնուհետև՝ խորհրդարանի շենք։ Վարչապետ Մագյարը կարճ ժամանակով հայտնվել է կուսակցության շտաբի պատշգամբում, որտեղ ողջունել է հավաքվածներին և թափահարել Հունգարիայի դրոշը։ Նրա ներկայությունը տարբեր արձագանքներ է առաջացրել ցուցարարների շրջանում, որոնց մի մասը վանկարկել է քննադատական կարգախոսներ։

Ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ իրենց դիրքորոշումը հիմնված է 2016 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքների վրա, որի ընթացքում մեծ թվով ընտրողներ դեմ էին արտահայտվել Եվրամիության կողմից առաջարկվող միգրացիոն քվոտաների համակարգին։ Նրանք պնդել են, որ այդ որոշումը պետք է շարունակի ազդել երկրի միգրացիոն քաղաքականության վրա։

Բողոքի ակցիայի ընթացքում որոշ մասնակիցներ կոչ են արել վարչապետի հրաժարականին, իսկ մյուսները աջակցություն են հայտնել նախկին վարչապետ Վիհտոր Օրբանին՝ վանկարկելով նրա անունը։ Օրբանը նախկինում հայտնի է եղել իր կոշտ հակամիգրացիոն քաղաքականությամբ։

Քաղաքական քննարկումների կենտրոնում շարունակում է մնալ Եվրամիության միգրացիոն քաղաքականությունը և դրա հնարավոր ազդեցությունը անդամ պետությունների վրա։ Ընդդիմախոսները մտահոգություն են հայտնում, որ նոր մեխանիզմները կարող են մեծացնել միգրանտների վերաբաշխումը անդամ երկրների միջև, մինչդեռ կողմնակիցները պնդում են, որ դրանք անհրաժեշտ են միգրացիոն ճնշումները միասնական կերպով կառավարելու համար։

Մինչ այժմ վարչապետ Մագյարի կառավարությունը պաշտոնապես չի արձագանքել բողոքի ակցիայի ընթացքում հնչած բոլոր մեղադրանքներին, սակայն միգրացիայի թեման շարունակում է մնալ Հունգարիայի քաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցերից մեկը։

Հիշեցնենք, որ Հունգարիայի կառավարությունը որոշել էր դադարեցնել աշխատանքային վիզաներ տրամադրել Ֆիլիպիններից, Վրաստանից և Հայաստանից ժամանած քաղաքացիներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բուդապեշտում բողոքի ակցիա է անցկացվել ԵՄ միգրացիոն քաղաքականության շուրջ