Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կանադան ժամանակավորապես արգելել է Տեխասից խոշոր եղջերավոր անասունների և ձիերի ներմուծումը՝ մսակեր պտուտակավոր որդի հայտնաբերման պատճառով
Կանադայի սննդամթերքի անվտանգության վերահսկող մարմինը հայտարարել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգից անասունների ներմուծման ժամանակավոր սահմանափակումների մասին այն բանից հետո, երբ նահանգում արձանագրվել են նոր աշխարհի պտուտակավոր որդի վարակի նոր դեպքեր՝ հայտնում է BBC-ն։ Որոշման համաձայն՝ Կանադա չեն ընդունվի այն կովերն ու ձիերը, որոնք երկրի սահմանը հատելուց առաջ վերջին 21 օրվա ընթացքում գտնվել են Տեխասում։
Սահմանափակումը հետևել է ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության հայտարարությանը, ըստ որի՝ Տեխասում հայտնաբերվել է մակաբույծով վարակված երկրորդ հորթը։ Առաջին դեպքը գրանցվել էր երեք շաբաթական հորթի մոտ Լա Պրայոր բնակավայրում՝ Մեքսիկայի սահմանից մոտ 48 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրորդ դեպքը հայտնաբերվել է Զավալա շրջանում՝ առաջին օջախից մոտ 9 կիլոմետր հեռու։
Տեխասի նահանգապետ Գրիգ Աբոթը բռնկման վտանգի պատճառով նահանգում աղետի դրություն է հայտարարել՝ նշելով, որ իրավիճակը լուրջ սպառնալիք է ներկայացնում նահանգի գյուղատնտեսական ոլորտի համար։ Նրա խոսքով՝ մակաբույծի տարածումը կարող է շարունակվել ամբողջ ամառվա ընթացքում։
Նոր Աշխարհի պտուտակավոր որդը մակաբույծ ճանճ է, որի էգերը ձվադրում են կենդանի կենդանիների և երբեմն նաև մարդկանց բաց վերքերի կամ լորձաթաղանթների վրա։ Ձվերից դուրս եկած թրթուրները սնվում են կենդանի հյուսվածքներով՝ առաջացնելով ծանր վնասվածքներ, իսկ չբուժվելու դեպքում կարող են հանգեցնել կենդանու անկմանը։
ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ հայտնաբերման վայրում ստեղծվել է 20 կիլոմետր լայնությամբ վերահսկողության գոտի։ Տարածքում իրականացվում են կարանտինային միջոցառումներ, կենդանիների տեղաշարժի վերահսկողություն և մշտադիտարկում՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով։
Թեև կանադացի մասնագետները կարծում են, որ երկրի ավելի ցուրտ կլիման նվազեցնում է մակաբույծի հաստատման հավանականությունը, սակայն ֆերմերներին կոչ են արել ուշադիր հետևել կենդանիների առողջական վիճակին, հատկապես բաց վերքերի, արտահոսքի կամ տհաճ հոտի առկայությանը։