Մարդիկ վրաններ են առնում, տանիքները ծածկում,որ ջուրը տուն չլցվի․ բնակիչը՝ Ստեփանավանի կարկուտի վնասների մասին
Հասարակություն
17:04 06/06/2026
Հայաստան

Մարդիկ վրաններ են առնում, տանիքները ծածկում,որ ջուրը տուն չլցվի․ բնակիչը՝ Ստեփանավանի կարկուտի վնասների մասին

 Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հսկայական նյութական վնասներ է պատճառել բնակիչներին։ Մոտ հավկիթի չափ խոշոր կարկուտը ավերել է տանիքներ, ավտոմեքենաներ, լուսամուտներ ու  մեծ վնաս հասցրել գյուղատնտեսությանը։

 «Մենք սնեց բան չէինք տեսել։ Էս չափի կարկուտ Ստեփանավանում դեռ չէր եղել, շատ-շատ է վնասը։ Ամուսնուս մեքենայի հետնամասն է ջարդվել, մեր խանութի դրսում մնացած տնտեսական ապրանքները, պլաստիկ էին, ամբողջը թափեցին աղբամանը։  Իսկ ընդհանուր քաղաքում ահռելի են վնասները, մարդիկ գալիս են  վրան են առնում, պլաշե կտորներ կամ հաստ ցելոֆաններ, որ տանիքները ծածկեն։ Տանիք չկունեն, պատմում են, որ  ջուրը  տուն  ա  լցվում, անկողինները ջրի մեջ են, պատուհաններն էլ է ջարդել։ Շատ ավտոններ ա  ջարդել։ Եթե մարդիկ չհասցնեին փախնել, մարդկանց էլ հաստատ կվնասեր։Ես սենց բան իմ կյանքում չեմ հիշում, էլի է վնասներով կարկուտ եկել, բայց էս ձևի՝ չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Ստեփանավան քաղաքի բնակիչը։

Բնակչի խոսքով՝ դեռ փորձում են իրենց վնասները հաշվել։

Ստեփանավանի քաղաքապետարանից Panorama.am-ին հայտնեցին, որ դեռ չկա վերջնական հաշվարկ, թե որքան է կազմում կարկտի հասցրած վնասը։ Սակայն նշեցին՝ վնասը մեծ է ՝ տանիքներ են վնասվել, ապակիներ, այգիներ, հողատարածություններ և այլն։ Տեղում աշխատանքներ են իրականացնում նաև  ՆԳՆ ՓԾ-ի և մարզպետարանի աշխատակիցները, ձևավորվել է շտապ հանձնաժողով՝ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար։

Ստեփանավանի բժշկական կենտրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ կարկուտի հետևանքով տուժածներ ԲԿ չեն տեղափոխվել։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարդիկ վրաններ են առնում, տանիքները ծածկում,որ ջուրը տուն չլցվի․ բնակիչը՝ Ստեփանավանի կարկուտի վնասների մասին