Ստեփանավանում վնասվել են տներ, մեքենաներ, արևային վահանակներ
Հասարակություն
18:48 06/06/2026
Հայաստան

Ստեփանավանում վնասվել են տներ, մեքենաներ, արևային վահանակներ

Հունիսի 6-ին՝ ժամը 12։56-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում տեղացած կարկուտի վերաբերյալ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ կարկտահարության հետևանքով հիմնականում վնասվել են ավտոմեքենաներ, տների և շինությունների տանիքներ, արևային վահանակներ, ծառեր և ցանքատարածություններ։

Փրկարար ծառայությունն օպերատիվորեն արձագանքել է ստացված ահազանգերին։

Հասցված վնասները պարզելու և իրավիճակը գնահատելու նպատակով փրկարար ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները տեղում իրականացնում են համապատասխան աշխատանքներ։

Կարկուտից տուժած բնակիչների հոսքը համայնքապետարան չի դադարում։  Համայնքապետաանից հայտնում են, որ հասցված վնասները տեղում արձանագրելու և գնահատելու նպատակով այս պահին դեպքի վայրերում ակտիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) 3 և Տաշիրի ՀՓՋ-ի 1 օպերատիվ խմբերը, ինչպես նաև համայնքապետարանի կողմից հատուկ ստեղծված հանձնաժողովի անդամները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստեփանավանում վնասվել են տներ, մեքենաներ, արևային վահանակներ