Վաղն ի՞նչ իրավունքով ես գալու Վարդան Ղուկասյանի դուռն ու ասելու՝ «մեզ տեր եղիր». Լևոն Բաղդասարյան
Քաղաքական
13:27 08/06/2026
Հայաստան

Վաղն ի՞նչ իրավունքով ես գալու Վարդան Ղուկասյանի դուռն ու ասելու՝ «մեզ տեր եղիր». Լևոն Բաղդասարյան

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի փաստաբան, կուսակցության նախընտրական գլխավոր շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Այս ընտրություններում հաղթեց ոչ թե ժողովրդի ազատ կամքը, այլ վարչական ռեսուրսն ու փողը։

Ներկաները գործի դրեցին պետական լծակները, նախկինները՝ փողը։ Երկուսն էլ հերթական անգամ ընտրողին դարձրին առևտրի առարկա։ Մի մասը վաճառվեց երեսուն արծաթով, մյուս մասը լռեց վախից։ Արդյունքում կրկին վերարտադրվեց նույն համակարգը, որը տասնամյակներ շարունակ խեղդում է Հայաստանը։

Վարդան Ղուկասյանն այս պայքարում վճարեց ամենաթանկ գինը՝ իր ազատությամբ և առողջությամբ։ Ես վճարեցի իմ անունով, հեղինակությամբ և առողջությամբ։

Հիմա հարց ունեմ ընտրողին.

Երբ քեզ գնում են, վաճառում են, վախեցնում են, հետո նույն մարդիկ գալիս ու ղեկավարում են երկիրը, վաղն ի՞նչ իրավունքով ես գալու Վարդան Ղուկասյանի դուռն ու ասելու՝ «մեզ տեր եղիր»։ Ի՞նչ իրավունքով ես գալու իմ՝ իրավապաշտպանիս դուռն ու պահանջելու պաշտպանել քո խախտված իրավունքները, եթե երեկ քո իրավունքը վաճառել ես երեսուն արծաթով։

Ստրկամտությունը երբեք ազատություն չի ծնում։ Վաճառված քվեն երբեք արդար իշխանություն չի ձևավորում։՝ Ընտրությունների թե՛ նախընտրական, թե՛ ընտրական փուլն ուղեկցվել է վարչական ռեսուրսի տոտալ

կիրառմամբ, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություններով, ընտրողներին առնելու և ծախելու զանգվածային երևույթներով, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

Ընտրությունների արդյունքները վիճարկվելու են Սահմանադրական դատարանում։

Պայքարը չի ավարտվել։ Ավարտվել է միայն ընտրության օրը։ Հիմա սկսվում է իրավական պայքարը՝ հանուն ճշմարտության, արդարության և Հայաստանի Հանրապետության ապագայի։

Ես պարտվող տեսակ չեմ։Պարտվող տեսակ չէ նաև Վարդան Ղուկասյանը»։

Նշենք, որ ԴՕԿ-ի օգտին քվեարկել է 26 567  ընտրող։ Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է  2 միլիոն 507 հազար 216, քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 477 հազար 736՝  ընտրողների 58,94 տոկոսը։ 

Հրապարակած վերջին տվյալների համաձայն, քվեները բաշխվել են այսպես.

«Քաղաքացիական պայմանագիր»՝  727 հազար 827 հազար՝ 49, 825 տոկոս
«Ուժեղ Հայաստան»՝  340 հազար 88՝ 23,281 տոկոս
«Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113՝  9, 934 տոկոս
 «Բարգավաճ Հայաստան»՝ 58 հազար 378՝  3,996 տոկոս

Ընտրություններին մասնակցել է 16 կուսակցություն և 2 դաշինք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղն ի՞նչ իրավունքով ես գալու Վարդան Ղուկասյանի դուռն ու ասելու՝ «մեզ տեր եղիր». Լևոն Բաղդասարյան