Սրանք ժողովրդի կամքն արտահայտող թվեր չեն. Գոհար Մելոյանը՝ ԿԸՀ հրապարակած արդյունքների մասին
Քաղաքական
17:14 08/06/2026
Հայաստան

Սրանք ժողովրդի կամքն արտահայտող թվեր չեն. Գոհար Մելոյանը՝ ԿԸՀ հրապարակած արդյունքների մասին

«Աննախադեպ էին այս ընտրությունները խախտումների ծավալներով, դրանք էականորեն ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Սրանք ժողովրդի կամքն արտահայտող ու արտացոլող թվեր չեն»,-հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված, սահմանադրական  իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։

Նա կոչ է արել խախտումներին ականատես դարձած մարդկանց իրենց ուժին իրազեկել դրանց մասին, քանի որ հիմա զբաղված են խախտումների գույքագրմամբ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ընտրողներին թույլ չեն տվել քվեարկել, քվեարկության սարքավորումները չեն աշխատել կամ արձանագրվել են տեխնիկական անհամապատասխանություններ։

«Ժողովուրդ ջան, խնդրում եմ, այն մարդիկ, ովքեր եղել են ընտրատեղամասերում և իրենց թույլ չեն տվել քվեարկեն, այն մարդիկ, ովքեր ունեն արձանագրած դեպքեր, որ սարքի վրա մատնահետք են թողել և սարքը չի աշխատել, սարքի տված կտրոնի թիվը և իրենց ցուցակի թիվը չի համապատասխանում, բոլորդ ձեր տեղեկատվությամբ դիմեք մեզ»,– ասել է նա։

Մելոյանի խոսքով՝ դաշինքն այժմ հավաքագրում և մշակում է ստացվող բոլոր տեղեկությունները։

«Հիմա զբաղված ենք այդ ողջ տեղեկատվությունը մուտքագրելով, որպեսզի դրանց իրավական ընթացք տանք։ Ժողովուրդ ջան, ուժեղ ենք, և դեռ գործ ունենք անելու»,– նշել է նա։

Նշենք, որ հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 477 հազար 736 ընտրող կամ ընտրողների 58,94 տոկոսը։ 

Հրապարակած վերջին տվյալների համաձայն, քվեները բաշխվել են այսպես.

«Քաղաքացիական պայմանագիր»՝  727 հազար 827 հազար՝ 49, 825 տոկոս
«Ուժեղ Հայաստան»՝  340 հազար 88՝ 23,281 տոկոս
«Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113՝  9, 934 տոկոս
 «Բարգավաճ Հայաստան»՝ 58 հազար 378՝  3,996 տոկոս

Ընտրություններին մասնակցել է 16 կուսակցություն և 2 դաշինք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սրանք ժողովրդի կամքն արտահայտող թվեր չեն. Գոհար Մելոյանը՝ ԿԸՀ հրապարակած արդյունքների մասին