ԱՄՆ-ն մեղադրnւմ է BYD-ին, Baidu-ին, Alibaba-ին և այլ տեխնոլոգիական ընկերություններին Չինաստանի զինված nւժերին օգնելու մեջ
Քաղաքական
14:58 09/06/2026
Աշխարհ

ԱՄՆ-ն մեղադրnւմ է BYD-ին, Baidu-ին, Alibaba-ին և այլ տեխնոլոգիական ընկերություններին Չինաստանի զինված nւժերին օգնելու մեջ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է «չինական ռազմական ընկերությունների» (Chinese Military Companies – CMC) թարմացված ցանկը՝ դրանում ներառելով Չինաստանի մի շարք խոշոր տեխնոլոգիական և արդյունաբերական ընկերություններ, այդ թվում՝ Alibaba, Baidu, BYD և NIO ընկերությունները։ Այս մասին հայտում է Reuters-ը ։

Ըստ հրապարակման, Վաշինգտոնի այս քայլը կարող է նոր լարվածություն առաջացնել ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում, հատկապես այն պայմաններում, երբ երկու երկրների միջև առևտրային և տեխնոլոգիական մրցակցությունը շարունակում է խորանալ։

Թարմացված ցուցակը հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումից ընդամենը մի քանի շաբաթ անց։ Այդ հանդիպման ընթացքում կողմերը փորձել էին պահպանել առևտրային հարաբերությունները, սակայն նոր ցուցակը վկայում է, որ անվտանգության և տեխնոլոգիական ոլորտներում հակասությունները շարունակում են մնալ օրակարգում։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կտրուկ արձագանքել է Վաշինգտոնի որոշմանը՝ այն որակելով որպես «խտրական» և «անհիմն ճնշում» չինական ձեռնարկությունների նկատմամբ։ Նախարարության խոսնակը հայտարարել է, որ Պեկինը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը։

Նոր ցուցակում ընդգրկվել են նաև հիշողության չիպերի խոշոր արտադրողներ CXMT-ն և YMTC-ն, կենսատեխնոլոգիական WuXi AppTec ընկերությունը, ռոբոտաշինական RoboSense-ը և մարդանման ու քառոտանի ռոբոտների արտադրությամբ հայտնի Unitree-ն։ Վերջինիս ընդգրկումը հատկապես ուշագրավ է, քանի որ ամերիկյան Nvidia ընկերությունը վերջերս հայտարարել էր Unitree-ի հետ համագործակցության ծրագրերի մասին։

Ցուցակում հայտնված ընկերությունները հերթով մերժել են Պենտագոնի մեղադրանքները։ Alibaba-ն հայտարարել է, որ որևէ կապ չունի Չինաստանի ռազմական համակարգի հետ և պատրաստվում է պաշտպանել իր հեղինակությունը իրավական ճանապարհով։ Նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել նաև Baidu-ն, BYD-ն և WuXi AppTec-ը՝ ընդգծելով, որ իրենց գործունեությունը բացառապես քաղաքացիական բնույթ ունի։

Թեև ցուցակում ընդգրկվելը չի համարվում պաշտոնական պատժամիջոց, այն կարող է զգալի հետևանքներ ունենալ ընկերությունների համար։ ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ պաշտպանության նախարարությանը կարգելվի պայմանագրեր կնքել այդ կազմակերպությունների հետ, իսկ 2027 թվականից արգելքը կտարածվի նաև երրորդ կողմերի միջոցով նրանց արտադրանքի և ծառայությունների ձեռքբերման վրա։ Բացի տնտեսական ազդեցությունից, ցուցակում հայտնվելը կարող է բացասաբար անդրադառնալ ընկերությունների միջազգային հեղինակության և բիզնես համագործակցությունների վրա։

Վաշինգտոնում այս քայլը ներկայացվում է որպես ազգային անվտանգության պաշտպանության միջոց։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Չինաստանի հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ցուցակը նախազգուշացում է ամերիկյան բիզնեսներին և պետական կառույցներին այն մասին, թե որ ընկերություններն են, ըստ Վաշինգտոնի, համագործակցում Չինաստանի զինված ուժերի հետ։

Վերլուծաբանների գնահատմամբ, նոր ցուցակը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն Չինաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններին այլևս չի դիտարկում որպես առանձին բիզնես կառույցներ, այլ որպես Պեկինի ռազմավարական և տեխնոլոգիական հզորության մաս։ Այդ հանգամանքը կարող է ավելի խորացնել երկու գերտերությունների միջև տեխնոլոգիական և տնտեսական դիմակայությունը առաջիկա տարիներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ն մեղադրnւմ է BYD-ին, Baidu-ին, Alibaba-ին և այլ տեխնոլոգիական ընկերություններին Չինաստանի զինված nւժերին օգնելու մեջ