Քաղաքական պայքարը հիմա մտնում է ավելի թեժ ու կարևոր փուլ, ինչո՞ւ է Փաշինյանին ձեռնտու սահմանադրական մեծամասնություն չունենալը. Արմեն Բաղդասարյան
Քաղաքական
13:05 09/06/2026
Հայաստան

Քաղաքական պայքարը հիմա մտնում է ավելի թեժ ու կարևոր փուլ, ինչո՞ւ է Փաշինյանին ձեռնտու սահմանադրական մեծամասնություն չունենալը. Արմեն Բաղդասարյան

Քվեարկությունից երկու օր անց ընտրական գործընթացի ընդդիմադիր ուժերը լուռ են, հատ ու կենտ հայտարարություններ են հնչել անելիքների, խախտումների, քվեարկության արդյունքների վիճարկման մասին։ Ինչպե՞ս անցավ ընտրական գործընթացը, քվեարկությունը, ինչո՞ւ հայաստանյան ընտրությունները գովեցին ԱՊՀ դիտորդները, ինչո՞ւ է լռում ընդդիմությունը, առաջիկայում ի՞նչ պահանջներ են ներկայացնելու արտաքին ուժերը Նիկոլ Փաշինյանին։ Այս ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

Panorama.am -Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների, քվեարկության ընթացքն ու ԿԸՀ կողմից հրապարակած նախնական արդյունքները։

Ա. Բաղդասարյան-Քվեարկության ընթացքը պետք է ընդդիմությունը գնահատի, քանի որ նրանք են բոլոր տեղամասերում դիտորդներ, ներկայացուցիչներ ունեցել։ Ամբողջ նախընտրական գործընթացը գնահատում եմ բավականին վատ, քանի որ ակնհայտ էին բռնաճնշումները, վարչական ռեսուրսի չարաշահումը, ահաբեկության մթնոլորտը, ատելության քարոզ և այլն, գնահատում եմ շատ բացասական, և գտնում եմ, որ դրանք ընտրությունների արդյունքների վրա, ոչ անմիջական, բայց ազդեցություն թողել են։

Panorama.am -Այս առումով հետաքրքիր է ԱՊՀ դիտորդների գնահատականը, ըստ որի, ընտրություններն անցել են բաց, թափանցիկ, չի եղել խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունն, ու ի՞նչ նպատակ ուներ այն։

Ա. Բաղդասարյան -Գուցե ԱՊՀ մյուս երկրների համեմատ իսկապես դրական են եղել, բայց հստակ չեմ կարող ասել, ենթադրում եմ, որ Հայաստանի իշխանությունների ու ԱՊՀ կառույցների միջև առևտուր է ընթացել։ Երբ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գնալ Մոսկվա, կարծում եմ, այստեղ ինչ-որ պայմանավորվածություններ կան,բայց դե դա իհարկե ենթադրություն է, ես ինֆորմացա չունեմ։ Ամեն դեպքում չեմ կարծում, որ այդ գնահատականն արտացոլում է իրականութունը։

Panorama.am -Պարոն Բաղդասարյան, քվեարկությունից անցել է երկու օր, ընդդիմությունը լուռ է։ Միայն «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ վիճարկելու են արդյունքները։ Մինչդեռ այս ընթացքում շատերի կողմից ակտիվորեն քննարկվում է ընդդիմության կողմից մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Որպես քաղաքագետ՝ Դուք ինչ եք կարծում, ո՞ր ճանապարհով պետք է գնա ընդդիմությունը։

Ա. Բաղդասարյան -Գիտե՞ք, 550 հազար ընտրող ընդդիմությանը ձայն է  տվել ոչ թե նրա համար, որ նրանք գնան խորհրդարան որպես ընդդիմադիր ուժ, այլ ձայն է  տվել, որ նրանք հասնեն  իշխանության։ Եթե ընդդիմադիր այդ ուժերը չվերցնեն մանդատները, կլինի բարոյական հաղթանակ, բայց իրավական տեսանկյունից դա ոչինչ  չի փոխելու։ Ինձ համար բացարձակապես մեկ է, նրանք կլինե՞ն խորհրդարանում որպես ընդդիմադիր ուժ, թե՞ չեն լինի։ Ուրիշ հարց, եթե նրանք փաստեր ունենային, հիմնավոր իրավական գործընթաց սկսեին, ապացուցեին, որ ընտրությունները կեղծվել են և զուգահեռաբեր փողոցային պայքար գեներցանեին, որպեսզի արդար դատավճիռ լինի։ Բայց եթե դա չեն անում, հասարակության համար ի՞նչ տարբերություն, խորհրդարանում ընդդիմության կա՞, թե՞ չկա։ Էլի եմ ասում, դա կլինի բարոյական հաղթանակ, բայց մեր հասարակությունը բարոյական հաղթանակներից հոգնել է։

Panorama.am -Իսկ ինչո՞վ եք պայմանավորում ընդդիմության լռությունը։

Ա. Բաղդասարյան -Նրանք որոշումներ են փորձում կայացնել, դրանք պետք է նախօրոք կայացրած լինեին։ Նրանք վստահություն չունեն, որ իրենց ձայն տված ավելի քան կես մլն մարդու կարող են փողոց հանել, իրավական հիմքեր էլ, կարծում եմ, բավարար չափով չունեն կամ չեն կարող ապացուցել։ Դրա համար հիմա մտածում են գնա՞լ խորհրդարան, թե՞ չգնալ։ Երկրորդը, առաջիկայում այսպես թե այնպես Հայաստանում սպասվելու են լուրջ իրադարձություններ, մասնավորապես իշխանությունները փորձելու են հանրաքվե անել, իսկ դա նշանակելու է  աշխատանք, նոր համախմբման հնարավորություն։ Կարծում եմ՝ ընդդիմությունը նաև սա է քննարկում, փորձում հասկանալ, այդ ժամանակ կարո՞ղ են լուրջ ընդդիմադիր պայքար սկսել, թե՞ ոչ։

Panorama.am -Դուք հնարավոր համարո՞ւմ եք մինչև հաջոդ հերթական ընտրություններն իշխանափոխության վարկածը։

Ա. Բաղդասարյան -Իհարկե, իրադարձություններն այնքան շեշտակի են զարգանում, նման հնարավորություն տեսականորեն կարող է լինել մի քանի ամիս անց նույնիսկ։ Նախընտրական այս փուլում արտաքին ճնշումները Հայաստանի նկատմամբ թուլացել էին, բայց ընտրությունները ետևում են, ու Հայաստանի իշխանություններից սկսելու են պահանջել այն, ինչի համար իրենք որպես ավանս տվել էին։ Օրինակ, Արևմուտքը շտապեցնելու է, որ Հայաստանն ավելի հեռանա Ռուսաստանից, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, Ադրբեջանն ու Թուրքիան շտապեցնելու են, որ հանրաքվե արվի, Սահմանադրություն փոխվի։ Պարզ ասած, քաղաքական պայքարը մտնում է ավելի թեժ ու կարևոր փուլ։ Հիմա սկսվելու է շատ ավելի արագ, լարված ու հստակ տարանջատումներով պայքար, և իշխանությունները չեն կարող խուսափել դրանից։

Panorama.am -Արևմուտքի նման ճնշումների պայմաններում ինչպե՞ս կզարգանան Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Ա. Բաղդասարյան -Այս առումով իշխանությունների համար դրական է, իրենք հստակ պատճառաբանություն ունեն արևմուտքի, Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ, կարող են ասել, դե գիտե՞ք, սահմանադրական մեծամասնություն չստացվեց ձևավորել, այնպես որ մեզանից ունեցած ակնկալիքների հարցում մի քիչ համբերեք, ոտներդ կախ գցեք, մենք չենք կարող հիմա դա անել։ Այդ նույն պատճառաբանությամբ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտինին կարող է ասել, գիտե՞ք, մենք նման բաներ էինք ասում, բայց  քվեարկության արդյունքներն այսպիսին են, եկեք չշտապենք հանրաքվեի հարցում, ես չունեմ սահմանադրական մեծամասնություն, եկեք ձգենք այդ որոշումները, և այդ ընթացքում կարող է հարաբերությունները լավացնել։ Կարծում եմ, Հայաստանի իշխանություններն այս հարցում մանևրելու ինչ-որ շանսեր ունեն։

Panorama.am -Այսինքն, փորձելու են երկու լարի վրա խաղալ։ Իսկ հետևանքնե՞րը։

Ա. Բաղդասարյան -Դե պրոբլեմները դրանից չեն անհետանալու։ Ինչքան պրոբլեմի լուծումը հետաձգում ես, այդ ընթացքում պրոբլեմը միայն խորանում է։ Միևնույն է՝ Հայաստանն այդ ընտրության առաջ կանգնելու է, և իմաստ չունի ջայլամային քաղաքականություն՝ գլուխը խոթել ավազների մեջ, քանի որ երկու աթոռի վրա նստելու յուրաքանչյուր օր մեզ լուրջ վնասներ է հասցնելու, օրինակ, տնտեսական առումով՝ Ռուսաստանի հետ կապված, արտաքին ճնշումների առումով, օրինակ, երբ սկսի սահմանազատման գործընթացի շարունակությունն անկլավների դեպքում։ Դա կարող է լրացուցիչ լարվածություն, լարվածության նոր օջախներ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Այնպես որ նման հարցերում ժամանակ ձգելը պրոբլեմի լուծում չի, մենք 20-25 տարի համարում էինք, որ Արցախի հարցում ստատուս-քվոն պետք է պահպանենք, համարում էինք, որ այդ հարցը լուծված է և վերջ, արդյունքում ունեցանք սա։ Հիմա նույն վիճակն է։ Պետք չէ ձևացնել, եթե մենք հարցն անընդհատ ձգձգում ենք, ձևացնենք, թե ինչ-որ բան է փոխվել։

Panorama.am-Շնորհակալ եմ։

Հ.Գ. Հարցազրույցն արվել է մինչև «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը։

Զրուցեց Լալա Տեր- Ղազարյանը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder