Թրամփ–Նեթանյահու տարաձայնությունների առանցքում Իրանի հարցն է
Քաղաքական
11:11 09/06/2026
Աշխարհ

Թրամփ–Նեթանյահու տարաձայնությունների առանցքում Իրանի հարցն է

Իսրայելի վերջին հարվածները Լիբանանին և Իրանին նորից բացահայտեցին այն ռազմավարական տարաձայնությունները, որոնք առկա են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։ Այս մասին գրում է Associated Press-ը։

Թեև երկու առաջնորդները համատեղ նախաձեռնեցին Իրանի դեմ ռազմական արշավը, այսօր նրանց նպատակներն ու առաջնահերթությունները զգալիորեն տարբեր են դարձել։

Թրամփի համար առաջնային է տարածաշրջանում ռազմական լարվածության նվազեցումը և Իրանի հետ բանակցությունների միջոցով կայունության հաստատումը։ ԱՄՆ նախագահը մի քանի անգամ հրապարակավ զգուշացրել էր Իսրայելին խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող էին խաթարել Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցային գործընթացը։ Մասնավորապես, նա դժգոհություն էր հայտնել Բեյրութի վրա իսրայելական հարվածից հետո, որը հանգեցրեց իրանական պատասխան գործողությունների և նոր սպառնալիքներ ստեղծեց տարածաշրջանային անվտանգության համար։

Ի տարբերություն Թրամփի՝ Նեթանյահուն շարունակում է պնդել, որ Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների նկատմամբ ռազմական ճնշումը պետք է շարունակվի մինչև սպառնալիքի լիակատար վերացումը։ Իսրայելի վարչապետը համոզված է, որ միայն ռազմական ճանապարհով հնարավոր կլինի թուլացնել Իրանի ազդեցությունը, սահմանափակել նրա միջուկային և հրթիռային ծրագրերը և զսպել նրա աջակցությունը «Հեզբոլլահին» ու այլ խմբավորումներին։

Վերջին շաբաթների իրադարձությունները ցույց տվեցին, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև տարաձայնությունները հատկապես խորանում են Իրանի նկատմամբ քաղաքականության հարցում։ Թրամփը ձգտում է խուսափել երկարատև պատերազմից, որը կարող է բացասաբար ազդել ամերիկյան տնտեսության վրա և վնասել իր քաղաքական դիրքերին։ Հորմուզի նեղուցի փակման հետևանքով ԱՄՆ-ում վառելիքի և մի շարք ապրանքների գների աճը լրացուցիչ ճնշում է ստեղծել Սպիտակ տան համար։

Միաժամանակ Նեթանյահուն ներքին քաղաքական ճնշումների ներքո փորձում է ապացուցել, որ Իսրայելը հաջողությամբ դիմակայում է Իրանի և նրա դաշնակիցների կողմից ներկայացվող սպառնալիքներին։ Նրա համար կարևոր է ցույց տալ, որ ռազմական գործողությունները արդյունք են տալիս, հատկապես այն պայմաններում, երբ Գազայում, Լիբանանում և Իրանի ուղղությամբ իրականացված գործողությունները դեռևս չեն հանգեցրել Իսրայելի կողմից հռչակված բոլոր նպատակների իրականացմանը։

Լարվածությունն առավել ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ Թրամփը հրապարակավ խոստովանեց, որ Նեթանյահուի հետ ունեցել է կոշտ հեռախոսազրույց և դժգոհություն հայտնել Լիբանանի ուղղությամբ իսրայելական գործողությունների կապակցությամբ։ ԱՄՆ նախագահը նույնիսկ հայտարարել էր, որ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ վերջնական որոշումները կայացնում է ինքը, ոչ թե Իսրայելի վարչապետը։

Չնայած կողմերը շարունակում են ընդգծել իրենց ռազմավարական գործընկերությունը, փորձագետների գնահատմամբ՝ Իրանի հարցում առկա հիմնարար տարաձայնությունները շարունակում են մնալ չլուծված։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփ–Նեթանյահու տարաձայնությունների առանցքում Իրանի հարցն է