Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իռլանդիայում բողոքի ակցիան վերածվել է բռնության․ այրվել են տներ, մեքենաներ
Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում դանակահարության դեպքից հետո բռնկված անկարգությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ հայտնում է BBC-ն։ Քաղաքի տարբեր հատվածներում այրվել են բնակելի տներ, մեքենաներ և աղբամաններ, իսկ հասարակական տրանսպորտի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
Դեպքի առնչությամբ 30-ամյա Սուդանի քաղաքացի տղամարդը պետք է ներկայանա դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, հասարակական վայրում դանակ պահելու և սպանության սպառնալիք հնչեցնելու համար։ Հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան Բելֆաստի հյուսիսային հատվածում՝ Քիննեյրդ պողոտայում։ Տուժած 40-ամյա տղամարդը շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում՝ աչքերի, պարանոցի և մեջքի շրջանում ստացած ծանր վնասվածքների պատճառով։
Ականատեսների խոսքով՝ դիմակավորված խմբերը հարձակվել են բնակելի թաղամասերի վրա, կոտրել տների դռներն ու պատուհանները։ Բելֆաստի արևելյան Լենդրիկ փողոցի բնակիչներից մեկը BBC-ին հայտնել է, որ հրկիզված մեքենաներից բռնկված կրակը հասել է իր տանը, մինչդեռ դիմակավորված անձինք վնասում էին հարակից շենքերը։
Բելֆաստի Նյուտաունարդս ճանապարհի հատվածում շուրջ 100 հոգուց բաղկացած խումբը վնասել է մի շարք շինություններ։ Օլստերի միութենական կուսակցության առաջնորդ Ջոն Բարոուզի խոսքով՝ նրանց մեծ մասը դեռահասներ էին։ Տարածքում այրվել են նաև աղբամաններ և ավտոբուս։ Հասարակական տրանսպորտի օպերատոր դատապարտել է իր ավտոբուսի վրա կատարված հարձակումը և անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես կասեցրել ծառայությունները։
Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել պահպանել հանգստություն և զերծ մնալ բռնություններից։ Ոստիկանության պետի օգնական Ռայան Հենդերսոնը նշել է, որ անհրաժեշտ է համայնքներում ազդեցիկ անձանց ներգրավել՝ խաղաղ բողոքի ցույցերը խրախուսելու և անկարգությունները կանխելու համար։ Արդարադատության նախարարը հայտարարել է, որ «դիմակավորված ավազակների համար տեղ չկա Հյուսիսային Իռլանդիայում»՝ ընդգծելով, որ տեղի ունեցած հանցագործությունը չի կարող արդարացում դառնալ ատելության և բռնության համար։
Հյուսիսային Իռլանդիայի հրշեջ-փրկարարական ծառայությունը հայտնել է, որ միայն երեքշաբթի երեկոյան արձագանքել է 62 արտակարգ միջադեպի։ Դրանց մեծ մասը գրանցվել է Մեծ Բելֆաստի տարածքում, ինչի հետևանքով լրացուցիչ հրշեջ ուժեր են ներգրավվել ամբողջ տարածաշրջանից։ Հյուսիսային Իռլանդիայի նախարարը խստորեն դատապարտել է անկարգությունները՝ հայտարարելով, որ «այսպիսի ավերածությունների և ավազակության համար որևէ արդարացում գոյություն չունի»։
Միաժամանակ տարածաշրջանի հինգ հիմնական քաղաքական կուսակցությունների առաջնորդները համատեղ հայտարարությամբ դատապարտել են ինչպես դանակահարությունը, այնպես էլ դրան հաջորդած բռնությունները։ Հետաքննության շրջանակում ոստիկանությունը հաստատել է, որ կասկածյալը Սուդանի քաղաքացի է և 2023 թվականին ստացել է փախստականի կարգավիճակ Մեծ Բրիտանիայում։ Իրավապահների տվյալներով՝ նա Սուդանից մեկնել է Փարիզ, այնուհետև Դուբլին և ավտոբուսով հասել Բելֆաստ, որտեղ ապաստան է խնդրել։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ մինչ այս դեպքը կասկածյալը իրավապահ մարմիններին հայտնի չի եղել։