Մերձավոր Արևելքում ԱՄՆ-Իրան հակամարտությունը շարունակվում է
Քաղաքական
13:40 11/06/2026
Աշխարհ

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-Իրան հակամարտությունը շարունակվում է

ԱՄՆ-ն և Իրանը երկրորդ օրն անընդմեջ փոխադարձ հարվածներ են հասցնում Մերձավոր Արևելքում՝ ավելի սրելով ապրիլին երկու երկրների միջև կնքված անկայուն հրադադարը։ Այս մասին հայնում է BBC-ն։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (Centcom) հայտարարել է, որ ավարտել է «ինքնապաշտպանության հարվածների» ալիքը՝ ուղղված Իրանի հարավում գտնվող ռազմական, հետախուզական և ռադարային օբյեկտներին։

Դա տեղի է ունեցել ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին «ուժեղ» հարված հասցնելու խոստումից մի քանի ժամ անց և այն բանից հետո, երբ Թեհրանը ժամանակ էր պահանջել պատերազմը վերջնականապես դադարեցնելու և համաձայնագիր կնքելու համար։ Թեհրանը ի պատասխան հարձակմանը՝ հարվածներ է հասցրել տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին, իսկ Բահրեյնի և Քուվեյթի ռազմաբազաները երկրորդ օրն անընդմեջ գտնվում են Իրանի կրակի տակ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նույնպես հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ԱՄՆ հրամանատարական կենտրոնի ուղղությամբ, հաղորդում են պետական ​​լրատվամիջոցները։

Հայտարարության համաձայն՝ Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազայի վրա 12 բալիստիկ հրթիռ արձակելուց հետո ոչնչացրել է մեծ թվով ամերիկյան կործանիչներ և տարբեր հաստատություններ։ Այս պնդումները անկախ աղբյուրներից դեռևս չեն հաստատվել։

Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ սկսվել է օդային հարձակումը, և որ իրանական անօդաչու թռչող սարքերից ընկնող բեկորները վնասել են մայրաքաղաք Մանամայում և Համադ քաղաքում գտնվող տներն ու տրանսպորտային միջոցները։

Նախարարությունը նաև հայտնել է, որ 11-ամյա աղջիկ վիրավորվել Իրանի հարվածների հետևանքով։ Քուվեյթը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը Իրանի հարձակումների պատճառով, նախքան հինգշաբթի առավոտյան այն վերաբացելը։

Իրանում պետական ​​լրատվամիջոցները հաղորդել են Թեհրանի, Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի և Հորմուզի նեղուցի մոտ գտնվող այլ հարավային շրջանների շուրջ պայթյունների մասին։ Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող երկու նավթատար նավերի, այն բանից կարճ ժամանակ անց, երբ պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ այն «լիովին փակ է բոլոր տեսակի նավերի համար»։ Այս հայտարարությունից հետո՝ նավթի գները հերթական անգամ բարձրացան Հորմուզի նեղուցի փակումից և նավերի վրա ենթադրյալ հարձակման մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-Իրան հակամարտությունը շարունակվում է