Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների գործընթացն ունի շատ կայուն բանաձև, բայց դա թուրք-ադրբեջանական բանաձև է. Ռուբեն Մելքոնյան
«Հայաստանում կայացած ընտրություններից հետո Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ակնկալել նոր բան, որը չկար մինչ այս պահը, ակնկալել, որ Թուրքիան կհրաժարվի իր պահանջերից, կփոխի իր կոշտ դիրքորոշումը, չի կարելի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Նա նշեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների գործընթացն ունի շատ կայուն բանաձև, բայց դա թուրք-ադրբեջանական բանաձև է. «Այդ բանաձևի ձևակերպումը հետևյալն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախապայմանները կազմում են մեկ ամբողջություն, և Հայաստանի հետ հարաբերությունները հնարավոր են առաջ մղվեն դեպի բնական հուն միայն այդ նախապայմաններն ու պահանջներն իրականացնելու դեպքում»։
Ռուբեն Մելքոնյանն ընդգծեց, որ այդ պահանջներից կարևորն ու առաջնայինը հիմա Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որը թուրքական և ադրբեջանական հստակ պահանջ է. «Կարծում եմ՝ Էրդողանի այսօրվա շնորհավորական խոսքում ասվածն առանց այլևայլության հենց վերաբերում է այդ խնդրին, այսինքն Թուրքիան շարունակելու է այս իրավիճակում պահել հայ-թուրքական հարաբերությունները, անել կոսմետիկ քայլեր մինչև Հայաստանը չիրականացնի իրենց պահանջն ու չփոխի Հայաստանի Սահմանադրությունը՝ հանելով Անկախության հռչակագիրը»։
Թուրքագետի խոսքով, կարող են լինել կոսմետիկ ոճի զարգացումներ, որոնց միջոցով փորձ է արվելու տպավորություն ստեղծել, թե Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի են ունենում իրական, խորքային, դրական տեղաշարժեր։
«Իմ կարծիքը մնում է հաստատուն՝ մինչև Հայաստանից՝ Թուրքիան ու Ադրբեջանը չստանան իրենց նախապայմանների ամբողջությունը, մասնավորապես Սահմանադրության փոփոխությունը, էական, լուրջ, շոշափելի քայլեր չեն լինելու»։