ԲՀԿ-ն կոչ է անում ժամը 13:00-ին հավաքվել ԿԸՀ մոտ՝ բողոքի ձայնը բարձրացնելու «տեղի ունեցող անարդարությունների ու ամենաթողության դեմ»
Քաղաքական
11:17 12/06/2026
Հայաստան

ԲՀԿ-ն կոչ է անում ժամը 13:00-ին հավաքվել ԿԸՀ մոտ՝ բողոքի ձայնը բարձրացնելու «տեղի ունեցող անարդարությունների ու ամենաթողության դեմ»

ԲՀԿ ցուցակի պատգամավորության թեկնածու Հրաչյա Ռոստոմյանը կոչ է անում քաղաքացիներին ժամը 13.00-ին հավաքվել ԿԸՀ մոտ։

«Սիրելի հայրենակիցնե՛ր, այսօր ժամը 13:00-ին կոչ ենք անում մեր բոլոր մտահոգ քաղաքացիներին, ԲՀԿ-ի համակիրներին հավաքվել ԿԸՀ մոտ՝ իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնելու տեղի ունեցող անարդարությունների ու ամենաթողության դեմ։ Մեր քաղաքացիներից խլում են իրենց ազատ կամարտահայտման իրավունքը և ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա»,- գրել է նա։ 

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնում է, որ  մինչ այդ՝ ժամը 12:00-ին, Արգիշտի 9 հասցեում գտնվող տեղեկատվական կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ կներկայացնեն իրենց մեր հետագա քայլերը։

Երեկ ԿԸՀ-ն արտահերթ նիստում անվավեր է ճանաչել  թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյուքնները։ Երկու դեպքում էլ գրանցվել էր զինծառայողների քվեարկության դեպք, ժամը 20։00-ից հետո, ինչը Ընտրական օրենսգրքի խախտում է։

Ի. Տոնոյանը ԿԸՀ որոշումից հետո գրել էր. «Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն։ Գիշերվա կեսին, մթության քողի տակ, գաղտագողի կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ–ին ուղղված հարված էր, որի նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է։

Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ։ Սա ընտրողների ձայների գողության ամենացայտուն դրսևորումն է, որը հերթական անգամ ապացուցում է, որ տեղի ունեցող գործընթացը որևէ առնչություն չունի արդար և թափանցիկ ընտրությունների գաղափարի հետ և կասկածի տակ է դնում ընտրության ամբողջ գործընթացի օրինականությունը։ Ընդունված որոշմամբ ամենակոպիտ ձևով ոտնահարվում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ ազատորեն արտահայտված կամքը։

Մենք բոլոր հնարավոր օրինական և իրավական միջոցներով պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ։ Արդեն վաղը բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ամբողջ իրավական գործիքակազմը՝ կանխելու և կասեցնելու այսպիսի կամայականությունները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԲՀԿ-ն կոչ է անում ժամը 13:00-ին հավաքվել ԿԸՀ մոտ՝ բողոքի ձայնը բարձրացնելու «տեղի ունեցող անարդարությունների ու ամենաթողության դեմ»