Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սուկ Յոլը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման
Քաղաքական
18:00 12/06/2026
Աշխարհ

Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սուկ Յոլը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման

Հարավային Կորեայի Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը նախկին նախագահ Յուն Սուկ Յոլին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝  նրան մեղավոր ճանաչելով Հյուսիսային Կորեայի դեմ անօրինական ռազմական գործողությունների կազմակերպման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Դատարանի հայտարարության համաձայն՝ Յունը մասնակցել է 2024 թվականի հոկտեմբերին Փհենյանի ուղղությամբ ռազմական անօդաչու թռչող սարքերի ներխուժման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Քննության տվյալներով՝ այդ գործողությունները նպատակ ունեին սրել լարվածությունը Կորեական թերակղզում և ստեղծել պայմաններ՝ 2024 թվականի դեկտեմբերին ռազմական դրություն հայտարարելու համար, ինչը հետագայում ձախողվեց։

Դատարանը եզրակացրել է, որ նախկին նախագահը «դավադրաբար նպաստել է թշնամական գործողությունների հրահրմանը» և օգտագործել է իր պաշտոնական լիազորությունները քաղաքական նպատակներով։ Յունը մեղավոր է ճանաչվել թշնամուն օգնելու և իշխանական լիազորությունների չարաշահման հոդվածներով։

Նախկին նախագահը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները։ Նրա պաշտպանները հայտարարել են, որ Յունը ոչ հրամայել, ոչ էլ հաստատել է անօդաչու թռչող սարքերի գործողությունը։ Փաստաբանների խոսքով՝ այդ գործողությունները կապված չեն եղել ռազմական դրության ծրագրի հետ և եղել են պատասխան քայլ Հյուսիսային Կորեայի կողմից ամիսներ շարունակ հարավային տարածքների ուղղությամբ աղբով լցված օդապարիկների արձակմանը։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին մեղադրող կողմը Յուն Սուկ Յոլի համար պահանջել էր 30 տարվա ազատազրկում։ Դրան նախորդել էր մեկ այլ դատավարություն, որի շրջանակում նախկին նախագահը փետրվարին դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ ռազմական դրության փորձի հետ կապված ապստամբություն ղեկավարելու մեղադրանքով։

Յուն Սուկ Յոլը պաշտոնանկ էր արվել այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հաստատել էր նրա իմպիչմենտը։ Այդ որոշումը հանգեցրել էր արտահերթ նախագահական ընտրությունների, որոնց արդյունքում իշխանության էր եկել լիբերալ քաղաքական գործիչ Լի Ջե Մյոնգը։

Ներկայումս կալանքի տակ գտնվող նախկին նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի վերջին որոշումը։ Նա շարունակում է վիճարկել նաև իր դեմ կայացված նախորդ դատավճիռները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սուկ Յոլը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման