Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նիգերիայում 11 հնդիկ նավաստիներ և առեվտրային նավը դատապարտվել են կnկшինի ապօրինի շրջանառության գործով. Գործը կարող է հասնել նավի առգրավմանը
Նիգերիայի դաշնային դատարանը մեղավոր է ճանաչել 11 հնդիկ նավաստիների և նրանց ղեկավարած «MV Aruna Hulya» առևտրային նավը՝ երկրի տարածքով կոկաինի ապօրինի շրջանառության համար։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Նիգերիայի Թմրանյութերի դեմ պայքարի ազգային գործակալությունը (NDLEA)։
Լագոսի դաշնային բարձրագույն դատարանի որոշմամբ՝ անձնակազմի անդամները դատապարտվել են այն բանից հետո, երբ այս տարվա հունվարին Ապապա նավահանգստում իրականացված ստուգման ընթացքում նավի պահեստային հատվածներից մեկում հայտնաբերվել էր 31,5 կիլոգրամ կոկաին։ Ըստ քննության տվյալների՝ թմրանյութը հատուկ թաքցված էր նավի ներսում։
NDLEA-ի տեղեկություններով՝ նավի կապիտանը և ևս 10 հնդիկ ձերբակալվել էին հունվարի 2-ին՝ թմրանյութի հայտնաբերումից անմիջապես հետո։ Գործը քննվել է Նիգերիայի թմրանյութերի դեմ պայքարի օրենսդրության շրջանակում։
Դատարանի վճռով անձնակազմի յուրաքանչյուր անդամ պարտավորվել է վճարել 100 հազար նայրա տուգանք։ Բացի այդ, նավի երեք ավագ սպաներ տուգանվել են 100 հազարական դոլարով, իսկ մյուս անձնակազմի անդամները՝ 50 հազարական դոլարով։ «MV Aruna Hulya» նավին էլ պարտավորեցվել է Նիգերիայի կառավարությանը վճարել շուրջ 5,3 միլիոն դոլար փոխհատուցում։
Ընդհանուր առմամբ ֆինանսական պատժամիջոցների չափը հասել է մոտ 6 միլիոն դոլարի։ Իշխանությունների տվյալներով՝ տուգանքի վճարման պատասխանատվությունը կրում են նավի սեփականատերերը։ Եթե վերջիններս չկարողանան կատարել դատարանի որոշումը, նավը կարող է առգրավվել և վաճառվել աճուրդով։
NDLEA-ի խոսնակն ընդգծել է, որ մեղադրյալները համաձայնել են դատավճռի պայմաններին, որոնք ներկայացվել են դատարանին վերջնական հաստատման համար։
Գործակալության նախագահը հայտարարել է, որ այս դատավճիռը «ուժեղ նախազգուշացում է միջազգային թմրանյութերի մաքսանենգության ցանցերի համար» և վկայում է Նիգերիայի վճռականության մասին՝ պայքարելու երկրի տարածքն որպես տարանցիկ ուղի օգտագործող հանցավոր խմբավորումների դեմ։
Վերջին տարիներին Նիգերիան ակտիվացրել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը՝ հատկապես վերահսկողությունն ուժեղացնելով Լագոսի նավահանգիստներում և այլ կարևոր առևտրային հանգույցներում, որոնք հաճախ օգտագործվում են անօրինական բեռների միջազգային տեղափոխման համար։