Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռիսկներն անկառավարելի են, որոշումները՝ սուբյեկտիվ, վտանգներն՝ անտեսված․ փորձագետ
Հայաստանի տարածքի 36%-ը ընդգրկված է «Էմերալդ ցանցում» (Emerald Network) , այսինքն՝ առանձնացված են կենսաբազմազանության պահպանման և երկրի յուրահատուկ բնական ժառանգության պաշտպանության ներքո գտնվող տարածքները։ Տվյալները հրապարակել են EU4Environment ծրագրի շրջանակում։
Բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ տարածքներ դուրս են մնացել Էմերալդ գոտուց։
««Եվրոմիությունը շրջակա միջավայրի համար» ծրագրի շրջանակներում որպես համաիրականացնող Համաշխարհային բանկը կազմակերպել էր էմերալդ ցանցի քարտեզների վերանայման գործընթաց։
Գործընթացին ներգրավվել են նաև որոշ գիտական հիմնարկությունների փորձագետներ, որպեսզի թարմացնեն այդ քարտեզը և տեղեկատվությունը: Պիլոտային մոտեցումով մի 2 տարածք վերանայել էին և վերջում տրվել էր ամբողջ Հայաստանի քարտեզը, որը հապճեպ ձևով նախարարության կողմից ներկայացվել էր այդ միջազգային կազմակերպությանը, որ մենք ուզում ենք գնալ փոփոխությունների։ Ինքս մինչև 2020 թ․-ը ներկայացրել եմ հիմնավորում Ամուլսարի մասով, բոլոր այն ծանրակշիռ հիմնավորումներից բացի, որ այն գտնում է «Էմերալդ ցանցում» , նաև մյուս տարածքները, որոնք արդեն հետագայում դիտարկվեցին վերջին տարվա ընթացքում՝ Կարմիր սարի մասով։ Ուսումնասիրեցի քարտեզները, համադրեցի նախկինը և հիմա առաջարկվող քարտեզը և տեսա, որ Ամուլսարի տարածքը դուրս բերվել այդ ցանցից։ Հիշեցնեմ՝ Ամուլսարի տարածքում կար Ապոլոն կարմիր գրքային թիթեռ, կային բուսատեսակներ, որոնք նույնպես գրանցված են կարմիր գրքում։ Նույնը տեղի է ունեցել Կարմիր սարի մասով։ Որոշ քպ-ական պաշտոնյաներ, համայնքի ղեկավարներ ոչ մետաղական հանքի՝ ցեմենտի հումքային պաշարներ ունեցող Կարմիր սարի հանքի բացման գործընթացներ են ուզում սկսել։ Այդ ընթացքում և դրանից մի քիչ առաջ այդ տարածքը ևս շատ հանգիստ դուրս է բերվել քարտեզներից։ Նախարարությունը, ներգրավելով որոշ փորձագետների, Համաշխարհային բանկի ձեռքով, իրականացնում է «թարմացման» աշխատանքներ և փաստաթղթավորվում է դրանք։ Նախարարությունը չի ասում, որ ես եմ արել, ասում է՝ Եվրոմիության աջակցության շրջանակներում, գիտական հիմնարկի, անկախ փորձագետի ներգրավվածությամբ է արվել, թարմացվել է։ Հասկանո՞ւմ եք, չէ՞ գործընթացը, բայց երբ դնում եք, համադրում եք ընթացիկ մյուս գործընթացները, հասկանում եք, որ սուբյեկտիվորեն մարդիկ ուղղորդված իրականացրել են այն, ինչ իրենց ձեռնտու է»,-ասաց փորձագետը։
Ամուլսարի հատվածից ևս դուրս են մնացել տրածքներ, որոնք կապված են նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման ենթակա տարածքների հետ։
«Ամուլսարի տարածքը ևս որոշ այլ տարածքներ հանքարդյունաբերության նպատակով դուրս թողնվեցին։ Իհարկե, Ամուլսարի մասով այն ժամանակ այլ հիմնավորումներ կային, որոնք կապված էին Արփա-Սևան թունելի հատվածի, Սպանդարյանից դեպի Կեչուտի հատվածը, որ հենց ուղիղ անցնում է բաց հանքերի լանջիվար տարածքով։ Բուֆերային գոտով մտնում է, որտեղ թթու դրենաժները ակնհայտ են, դրանք թունելի միջոցով հայտնվելու են Սևանա լճում։ Այսինքն՝ խնդիրներն այնքան ակնհայտ են և սուբյեկտիվ որոշումամբ գնացին այդ տարածքի բացման։ Ավելին, եթե հաշվի առնենք ցիանիդային հարթակի հետ կապված, ոսկու կորզման, ինչպես նաև մոտակա վտանգավոր ռիսկերը, եթե օրինակ ռմբակոծություն լինի և այլն, որոշ արկեր հայտնվեն այդ ցիանիդային կորզման հարթակներում և վնասեն մեկուսացնող գեոմեմբրանը, ցիանի որոշ միացումներ հայտնվեն ստորգետնյա ջրային ավազանը, այնուհետև հարավային ջրային ավազանի համար խնդիր առաջանա , նաև՝ Սևանի համար։ Այսինքն՝ ռիսկներնը անկառավարելի են Հայաստանում այսօր, որոշումները՝ սուբյեկտիվ, վտանգներն՝ անտեսված», ավելացրեց Ղազարյանը։