Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունները կանցկացվեն հուլիսի 4–8-ը
Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունները, որոնք սկզբնապես նախատեսված էին մարտի կեսերին, սակայն հետաձգվել էին պատերազմի պատճառով, կանցկացվեն հուլիսի 4-ից 8-ը՝ Թեհրանում, Ղոմում և Մաշհադում։ Այս մասին հայտնել են իրանական պետական լրատվամիջոցները՝ հղում անելով Ալի Խամենեիի ստեղծագործությունների պահպանման և հրատարակման գրասենյակին։
Հրապարակված ծրագրի համաձայն՝ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 3-ին և 4-ին Թեհրանի Իմամ Խոմեյնիի մզկիթում։ Հուլիսի 5-ին մայրաքաղաքում կկայանա պաշտոնական հուղարկավորությունը, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 6-ին, հիշատակի և հրաժեշտի ևս մեկ արարողություն կանցկացվի Ղոմ քաղաքում։
Վերջնական հուղարկավորությունն ու թաղումը նախատեսված են հուլիսի 8-ին Մաշհադում՝ Խամենեիի հայրենի քաղաքում։ Նրա մարմինը կհուղարկավորվի Իմամ Ռեզայի դամբարանի տարածքում։ Նույն արարողության ընթացքում կհուղարկավորվեն նաև նրա ընտանիքի մի շարք անդամներ։
Պաշտոնական արարողությունների մեկնարկը նախատեսված է հուլիսի 4-ին, որը համընկնում է ԱՄՆ Անկախության օրվա հետ։ Այս տարի Միացյալ Նահանգներում նշվում է նաև երկրի անկախության 250-ամյակը։
Կազմակերպիչները հայտնել են, որ առաջիկա օրերին կհրապարակվեն անվտանգության, երթուղիների և արարողությունների անցկացման կարգի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ։
Նշենք, որ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, մարտի 7-ին ընտրվել էր Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ՝ դառնալով երկրի երրորդ գերագույն առաջնորդը 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո։ Նրա ընտրությունից հետո Մոջթաբա Խամենեին հանրային միջոցառումների ժամանակ գրեթե չի երևացել, իսկ նրա դիրքորոշումները հիմնականում փոխանցվել են գրավոր հայտարարությունների միջոցով։
Հիշեցնենք, որ Ալի Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված ԱՄՆ-Իսրայելի հարվածների ժամանակ։ Հարձակումների հետևանքով զոհվել են նաև մի շարք բարձրաստիճան իրանցի զինվորական հրամանատարներ և կառավարության պաշտոնյաներ։