Պակիստանի վարչապետը հայտարարել է՝ ԱՄՆ–Իրան խաղաղության համաձայնագրի ստորագրումը սպասվում է 24 ժամվա ընթացքում
Քաղաքական
16:09 13/06/2026
Աշխարհ

Պակիստանի վարչապետը հայտարարել է՝ ԱՄՆ–Իրան խաղաղության համաձայնագրի ստորագրումը սպասվում է 24 ժամվա ընթացքում

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել Մերձավոր Արևելքում ամիսներ շարունակվող հակամարտությանը վերջ դնելու խաղաղության համաձայնագրի շրջանակային տարբերակի շուրջ, և համաձայնագրի վերջնական տեքստը ձեռք է բերվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Շարիֆի խոսքով՝ կողմերն արդեն հաստատել են համաձայնագրի շրջանակային տարբերակը, իսկ վերջնական տեքստը համաձայնեցված է։ Նա նշել է, որ ներկայում նախապատրաստվում է փաստաթղթի էլեկտրոնային ստորագրումը, որը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Դրանից հետո նախատեսվում են տեխնիկական մակարդակի բանակցություններ, որոնք կշարունակվեն հաջորդ շաբաթ։

Պակիստանի վարչապետը շեշտել է, որ Իսլամաբադը վերջին ամիսներին ակտիվ միջնորդական դեր է խաղացել Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցություններում։ Նրա խոսքով՝ խաղաղությունը «երբեք այսքան մոտ չի եղել», և ներկայում աշխատանքներ են տարվում համաձայնագրի իրականացման հաջորդ փուլերը վերջնականացնելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, պաշտոնական շրջանակներից դեռևս չեն հրապարակվել համաձայնագրի ամբողջական մանրամասները։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փաստաթուղթը կարող է ներառել Հորմուզի նեղուցի վերաբացման, Իրանի միջուկային ծրագրի շուրջ հետագա բանակցությունների, ինչպես նաև պատժամիջոցների փուլային թուլացման վերաբերյալ դրույթներ։ Սակայն կողմերը դեռ չեն ներկայացրել համաձայնագրի վերջնական բովանդակությունը։

Հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ տարածաշրջանում վերջին ամիսներին պահպանվում էր լարված իրավիճակ, իսկ մի շարք երկրներ և միջազգային դերակատարներ փորձում էին նպաստել ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական կարգավորմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պակիստանի վարչապետը հայտարարել է՝ ԱՄՆ–Իրան խաղաղության համաձայնագրի ստորագրումը սպասվում է 24 ժամվա ընթացքում