Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ քաղցկեղի ամենատարածված տեսակն է
Տղամարդկանց առողջության միջազգային շաբաթը այս տարի անցկացվում է հունիսի 15-ից մինչև 21-ը: Այս տարի մեծ ուշադրություն է դարձվում հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, կանխարգելիչ միջոցառումներին և հոգեկան առողջությանը՝ կիրառելով գործնական, փոքր քայլերով մոտեցումներ՝ բժշկական օգնության դիմող տղամարդկանց շուրջ առկա խարանը հաղթահարելու համար:
Տղամարդկանց առողջության օրը նշվում է բազմաթիվ եվրոպական երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կանադայում և աշխարհի մի շարք այլ վայրերում: Շաբաթվա ընդհանուր նպատակներն են՝
• Բարձրացնել բոլոր տարիքի տղամարդկանց կանխարգելելի առողջական խնդիրների մասին իրազեկվածությունը։
• Օժանդակել տղամարդկանց և տղաների առողջ ապրելակերպի ընտրությանը/գործունեությանը։
• Խրախուսել տղամարդկանց մոտ առողջական խնդիրների վաղ հայտնաբերումը և բուժումը:
Տղամարդկանց առողջության վերաբերյալ վիճակագրությունն ու վերլուծությունները հաճախ բացահայտում են բավականին մտահոգիչ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր օրինաչափություններ: Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ միջազգային առողջապահական կազմակերպությունների (ԱՀԿ, ՄԱԿ) տվյալներով, տղամարդիկ հակված են ավելի քիչ հոգ տանել իրենց մասին, ինչն անդրադառնում է կյանքի տևողության և որակի վրա:
«Հերացի վերլուծական» կենտրոնը փորձել է հակիրճ ներկայացնել հիմնական վերլուծական տվյալներ՝ բաժանված ըստ կարևորագույն ուղղությունների.
1. Կյանքի տևողության «գենդերային տարբերություն»
• Աշխարհում գրեթե բոլոր երկրներում տղամարդիկ ավելի քիչ են ապրում, քան կանայք:
• Կյանքի տևողության տարբերությունը. համաշխարհային մասշտաբով կանայք միջինում ապրում են 4-5 տարի ավելի երկար, քան տղամարդիկ:
• Հայաստանյան իրականություն. ըստ վերջին տարիների վիճակագրության՝ Հայաստանում այս ճեղքն ավելի մեծ է. կանանց կյանքի միջին տևողությունը մոտ 75-78 տարի է, մինչդեռ տղամարդկանցը կազմում է 67-70 տարի (մոտ 7-8 տարվա տարբերություն):
• Թեև կենսաբանական գործոնները (օրինակ՝ էստրոգեն հորմոնի պաշտպանիչ դերը սրտի համար) կանանց առավելություն են տալիս, տարբերության հիմնական պատճառը վարքագծային է՝ վնասակար սովորություններ, բուժհաստատություններ ցածր կամ ուշ դիմելիություն:
2. Սիրտ-անոթային համակարգը՝ թիվ 1 մարդասպանը:
• Սրտի հիվանդությունները տղամարդկանց մահացության գլխավոր պատճառն են աշխարհում:
• Վաղաժամ մահվան ռիսկ. տղամարդկանց մոտ սրտի կաթվածի (ինֆարկտի) զարգացման ռիսկը կտրուկ բարձրանում է 45 տարեկանից հետո, մինչդեռ կանանց մոտ այս ռիսկը սովորաբար հետաձգվում է մինչև 55 տարեկան (դաշտանադադարից հետո):
• Արյան ճնշման հանդեպ անտարբերության. բարձր արյան ճնշում (հիպերտենզիա) ունեցող տղամարդկանց մոտ 50%-ը չի վերահսկում իր ճնշումը կամ ընդհանրապես տեղյակ չէ դրա մասին:
3. Ուռուցքաբանություն. շագանակագեղձ և թոքեր:
• Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ քաղցկեղի ամենատարածված տեսակն է: Վիճակագրությունը փաստում է, որ յուրաքանչյուր 8 տղամարդուց 1-ի մոտ կյանքի ընթացքում ախտորոշվում է այս հիվանդությունը: Սակայն, եթե այն հայտնաբերվում է վաղ փուլում, 5 տարվա ապրելիության հավանականությունը գրեթե 99% է:
• Թոքերի քաղցկեղ. մահացության ցուցանիշով առաջինն է տղամարդկանց շրջանում, ինչն ուղիղ կապված է ծխախոտի օգտագործման հետ: Տղամարդկանց շրջանում ծխելու մակարդակն աշխարհում (և հատկապես մեր տարածաշրջանում) մի քանի անգամ գերազանցում է կանանց ցուցանիշը:
4. Հոգեկան առողջություն՝ լուռ ճգնաժամ.
Սա ամենացավոտ վիճակագրությունն է, որը ցույց է տալիս կարծրատիպերի ազդեցությունը:
Ինքնասպանությունների ֆենոմենը. թեև կանայք ավելի հաճախ են բախվում դեպրեսիայի ախտանիշներին և դիմում օգնության, ինքնասպանությունից մահացողների գրեթե 75-80%-ը տղամարդիկ են: Տղամարդիկ 3-4 անգամ ավելի հաճախ են կյանքին վերջ տալիս, քանի որ ընտրում են ավելի արմատական մեթոդներ և գրեթե չեն կիսվում իրենց հոգեբանական խնդիրներով:
5. Բժշկական վարքագիծ. «Կանցնի»-ի սինդրոմը
• Բժշկին այցելելու հաճախականությունը. հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ 3 անգամ ավելի քիչ են դիմում առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետներին (թերապևտներ, ընտանեկան բժիշկներ) կանխարգելիչ նպատակներով, քան կանայք:
• Տղամարդկանց ավելի քան 40%-ը բժշկի է գնում միայն այն ժամանակ, երբ ցավն արդեն անտանելի է դառնում կամ հիվանդությունը խորանում է:
Այս բոլոր թվերը տանում են մեկ հստակ եզրակացության. տղամարդկանց վաղաժամ մահերի ու հիվանդությունների մեծ մասը կանխարգելելի են:
Խնդիրը ոչ թե բժշկության անզորությունն է, այլ ուշացած հայտնաբերումը: Հենց սա է պատճառը, որ հունիսի 15-21-ի շաբաթվա ընթացքում շեշտը պետք է դնել ոչ թե վախեցնելու, այլ «կանոնավոր ստուգումը ուժի և գիտակցության նշան է» գաղափարը սերմանելու վրա: