Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2023 թվականի ապրիլի 13-ից Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Մանասյանը վերջին տարիներին պետական համակարգում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ Նա նախկինում եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ինչպես նաև դասավանդում է Երևանի պետական համալսարանում։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Անահիտ Մանասյանի 2022-2025 թվականների հայտարարագրերը և առանձնացրել նրա գույքային դրության, դրամական միջոցների ու եկամուտների վերաբերյալ բոլոր տվյալները։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը ստանձնելու պահին Անահիտ Մանասյանն ունեցել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող երկու բնակարան։ Դրանցից մեկը գտնվում է նրա միանձնյա սեփականության ներքո և ձեռք է բերվել 2015 թվականին, իսկ մյուսը համատեղ սեփականություն է, որը ձեռք է բերվել 1995 թվականին։ Հայտարարագրի համաձայն՝ նա ունեցել է նաև 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2017 թվականին։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա բանկային ավանդները կազմել են՝ 9 մլն 300 հազար դրամ, 9 հազար 123 եվրո, 9 հազար 326 ԱՄՆ դոլար։ Բանկային հաշիվներում առկա են եղել՝ 16 մլն 401 հազար դրամ, 23 հազար 654 եվրո, 204 ԱՄՆ դոլար։ 2022 թվականին Անահիտ Մանասյանի հայտարարագրված եկամուտները գերազանցել են 15.2 մլն դրամը։
Ամենախոշոր եկամուտներից են եղել՝ ՀՀ դատական դեպարտամենտից՝ 3 մլն 394 հազար դրամ, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ից՝ 1 մլն 800 հազար դրամ, «Եվրասիա համագործակցության» հիմնադրամից՝ 1 մլն 416 հազար դրամ, Երևանի պետական համալսարանից՝ 1 մլն 316 հազար դրամ։ Բացի դրանից, Մանասյանը եվրոյով և շվեյցարական ֆրանկով եկամուտներ է ստացել միջազգային կառույցներից, այդ թվում՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամից, Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտից և ՄԱԿ-ից։
2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է ունենալ Երևանում գտնվող երկու բնակարան և 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա։ Տարվա ամենաուշագրավ փոփոխությունը կապված է փոխառությունների հետ։ Մանասյանը «Ավանգարտ Ինվեստ» ՍՊԸ-ին տրամադրել է 31 մլն 292 հազար դրամի փոխառություն։ Բանկային ավանդները տարվա վերջում կազմել են՝ 11 մլն 890 հազար 797 դրամ, 10 հազար 24 ԱՄՆ դոլար, 9 հազար 621.27 եվրո։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են՝ 31 մլն 850 հազար 2.55 դրամ, 288 հազար 18 դրամ, 33 հազար 184.38 եվրո, 96.08 ԱՄՆ դոլար։
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2022-2025 թվականներին Անահիտ Մանասյանի հիմնական գույքային պատկերը մնացել է անփոփոխ՝ երկու բնակարան և մեկ ավտոմեքենա։ Միևնույն ժամանակ տարեցտարի աճել են նրա բանկային ավանդներն ու դրամական միջոցները, իսկ 2025 թվականին արդեն հայտարարվել է նաև 31.3 մլն դրամի փոխառություն, որը տրամադրվել է «Ավանգարտ Ինվեստ» ՍՊԸ-ին։ Նրա տարեկան եկամուտները նշված ժամանակահատվածում տատանվել են 15.2-24.5 մլն դրամի սահմաններում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում