Բացառիկ վիրահատություն. Սիամական երկվորյակների հազվագյուտ հաջող բաժանում՝ Աբու Դաբիում
Առողջություն
18:02 18/06/2026
Աշխարհ

Բացառիկ վիրահատություն. Սիամական երկվորյակների հազվագյուտ հաջող բաժանում՝ Աբու Դաբիում

Նիգերիայից 15-ամսական սիամական երկվորյակներ Մերսին և Գուդնեսը նոր կյանք են ստացել Աբու Դաբիում իրականացված բացառիկ վիրահատությունից հետո։ Այս մասին  հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։

Աղջիկները ծնվել էին գլխի հատվածում միացած՝ գանգերի, ուղեղային հյուսվածքների և արյան անոթների բարդ միաձուլմամբ, ինչը հանդիպում է շուրջ 10 միլիոն ծնունդներից մեկի դեպքում։

Վիրաբուժական բարդ գործընթացը իրականացվել է Շեյխ Խալիֆա բժշկական քաղաքում (SKMC)։ Վեց ամսվա ընթացքում երեխաները ենթարկվել են չորս հաջորդական վիրահատությունների, որոնց մասնակցել են ավելի քան 60 մասնագետներ ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Բրազիլիայից և Նիգերիայից։

Գործընթացում կարևոր դեր է ունեցել «Gemini Untwined» բարեգործական կազմակերպությունը, որը մասնագիտացած է սիամական երկվորյակների բուժման ոլորտում։ Բժիշկները կիրառել են առաջադեմ պատկերային տեխնոլոգիաներ, լրացված իրականության սիմուլյացիաներ և 3D տպագրություն՝ երեխաների անոթային ու նյարդային համակարգերը մանրամասն քարտեզագրելու համար։

Հաջող բաժանումից հետո երկվորյակների գանգերը վերականգնվել են 3D տպիչով պատրաստված տիտանե իմպլանտների օգնությամբ։ Ներկայում Մերսին և Գուդնեսը շարունակում են վերականգնողական բուժումը ԱՄԷ-ում և պատրաստվում են վերադառնալ Նիգերիա՝ արդեն անկախ կյանք սկսելու հեռանկարով։

ԱՄԷ-ի միջազգային համագործակցության պետական նախարար Ռիմ Ալ Հաշիմին այս հաջողությունը բնութագրել է որպես «կարեկցանքի, քաջության և գլոբալ համագործակցության պատմություն», որը ևս մեկ անգամ ընդգծում է Աբու Դաբիի առաջատար դերը առողջապահական նորարարությունների ոլորտում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բացառիկ վիրահատություն. Սիամական երկվորյակների հազվագյուտ հաջող բաժանում՝ Աբու Դաբիում