Եվրոպայի անոմալ շոգերի պատճառով Ֆրանսիայում տարեցներ են մահացել
Առողջություն
17:17 22/06/2026
Աշխարհ

Եվրոպայի անոմալ շոգերի պատճառով Ֆրանսիայում տարեցներ են մահացել

Ֆրանսիայում ծայրահեղ շոգի պատճառով առողջական խնդիրների սրման հետևանքով մահացել է երեք մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը ու մանրամասնում, որ 80-95 տարեկան տատիրկ-պապիկները մահացել են Բորդոյի շրջանում։

Շոգի պատճառով գրեթե 2700 ֆրանսիական դպրոցներ պետք է փակվեն կամ փոփոխեն դասացուցակները, քանի որ Եվրոպայի իշխանությունները երկուշաբթի օրվա համար նախազգուշացումներ են տվել շոգի ալիքի մասին: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում դպրոցներում դասերը շարունակվում են մինչև հուլիս։

Կանխատեսումների համաձայն,  շոգը դեռ չի նահանջելու։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բորդո քաղաքում այսօր ջերմաստիճանը գերազանցել է 42 աստիճան, իսկ «Meteo France» օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ 49 տարածաշրջանային վարչական տարածքներ կհայտնվեն շոգի՝ կարմիր վտանգի տակ։

«Մեզ սպասվում է, առնվազն մի քանի օր շատ շոգ եղանակ։ Մենք չգիտենք, թե երբ կսկսի ջերմաստիճանը իջնել», - TF1 հեռուստաալիքի եթերում ասել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը։

Եվրոպական մյուս երկրներում էլ ամառը մտել է իր լիարժեք իրավունքների մեջ։ Իսպանիայում «Aemet» պետական ​​օդերևութաբանական գործակալությունը կարմիր տագնապի մակարդակ է հայտարարել Բասկերի շրջանի համար, որը սովորաբար ավելի զով հյուսիսային տարածք է, ընդ որում՝ Սան Սեբաստիանում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 40°C, ինչը հունիսի 22-ի պատմական միջին ցուցանիշից կրկնակի ավելի է։

Սան Սեբաստիանում, ըստ կանխատեսումների, ավելի շոգ կլինի, քան օրինակ, հարավային Սևիլյա և Կորդոբա քաղաքներում, որտեղ սովորաբար գրանցվում է երկրի ամենաուժեղ ամառային շոգը։

«Մենք տեսնում ենք տարվա այս եղանակի համար նորմայից 5-10 աստիճանով բարձր ջերմաստիճան, իսկ որոշ հյուսիսային շրջաններում՝ նույնիսկ միջինից ավելի քան 10 աստիճանով բարձր», - ասել է «Aemet»-ի խոսնակ Ռուբեն դել Կամպոն։

Այսօր Իսպանիայի աշխատանքի հարցերի նախարարը հայտարարել է, իրենք իրականացնում են մոնիտորինգ ընկերությունների շրջանում՝ պարզելու արդյոք աշխատակիցների համար պահպանվում են այն օրենքները, որոնք թույլ են տալիս աշխատողներին կրճատել կամ փոփոխել իրենց աշխատանքային ժամերը, երբ հայտարարվում են նարնջագույն կամ կարմիր եղանակային նախազգուշացումներ: Աշխատողները նաև իրավունք ունեն մինչև չորս օր վճարովի արձակուրդ վերցնել, եթե եղանակային պայմանների պատճառով չեն կարողանում հասնել իրենց աշխատավայր։

Հյուսիսային Եվրոպայի վայրի բնության ապաստարանները դժվարանում են հաղթահարել շոգից տուժած կենդանիների աճող հոսքը։ Մասնագետների խոսքով՝  անոմալ բարձր ջերմաստիճանից հատկապես տուժում են ծիծեռնակները, ճնճղուկները և սարյակները, որոնք բույն են կառուցում տանիքների վրա։

Բելգիայի Թեմպլու քաղաքում գործող «Creaves» վայրի կենդանիների վերականգնման կենտրոնի հիմնադիր և կենսաբան Ռոմեն դը Ժեգերի խոսքով՝ տանիքների վրա ջերմաստիճանը երբեմն հասնում է 50-60 աստիճանի, ինչի հետևանքով  թռչունները հաճախ ստիպված են լինում վաղաժամ լքել բները։ Նրա խոսքով՝ միայն վերջին երեք օրերի ընթացքում կենտրոնն ընդունել է շուրջ 150 կենդանի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եվրոպայի անոմալ շոգերի պատճառով Ֆրանսիայում տարեցներ են մահացել