Իրան-ԱՄՆ համաձայնագրի հաջող իրականացումը նոր լոգիստիկ հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար. Քաղաքագետ
Քաղաքական
17:31 23/06/2026
Հայաստան

Իրան-ԱՄՆ համաձայնագրի հաջող իրականացումը նոր լոգիստիկ հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար. Քաղաքագետ

«Քանի դեռ մենք չունենք համաձայնագրի վերջնական, այսպես ասած, իրագործման փուլը, կարծում եմ, այս պահին մենք ունենք ռազմական գործողությունների դադարեցման հնարավորություն, որը ձեռնտու է բոլոր կողմերին, բացի Իսրայելից։ Բնականաբար, թե հետո դա ինչպիսի արտացոլում կունենա, և արդյոք կողմերի նախնական մտադրությունները որքանով կիրականանան կամ կարդարացվեն, ցույց կտա ժամանակը»,-Panorama.am-ի հետ զրույցում խոսելով Իրան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրի մասին՝  ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։

Նրա համոզմամբ, առայժմ չափազանց վաղ է խոսել, թե կողմերից ո՞րն է այս համաձայնագրով շահում. «Եթե ընդհանուր առմամբ այս պահին դիտարկենք, թե ինչ հնարավորություններ է ստեղծվում, ես կարծում եմ, սա երկկողմ ձեռնտու համաձայնություն է»։

Խոսելով Միացյալ Նահանգների շահերի մասին՝ նա ընդգծեց՝  անհրաժեշտ է դիտարկել ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմավարությունը տարածաշրջանում։

«Միացյալ Նահանգների համար, ինչպես մինչև 1979 թվականը, այնպես էլ հիմա, չափազանց կարևոր է Իրանը՝ ոչ թե որպես թշնամի, այլ որպես հենակետ տարածաշրջանում»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով համաձայնագրի տնտեսական հնարավոր ազդեցությանը՝ փորձագետը նշեց, որ այն կարող է դրական հետևանքներ ունենալ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։

«Այս պահին մենք արդեն ունենք տեղեկատվություն, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես հանել են պատժամիջոցները իրանական նավթի նկատմամբ։ Եթե չեմ սխալվում, 60-օրյա ժամկետ է սահմանվել, Իրանը կարող է նավթ վաճառել։ Սա Իրանի համար տնտեսության վերակառուցման և զարգացման հնարավորություն է», – նշեց  նա։

Պողոսյանի խոսքով՝ համաձայնագիրը նաև հնարավորություն է ստեղծում տեխնոլոգիաների ներմուծման համար, ինչը կարևոր է Իրանի տնտեսական զարգացման տեսանկյունից։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, համաձայնության կյանքի տևողությունը կախված է նաև Իսրայելի գործողություններից. «Պետք է հաշվի առնենք իրանական կողմի համար սահմանված կարմիր գծերը, դրանցից մեկը՝ Լիբանանն է, մյուսը՝ Գազայի հատվածի հետ կապված խնդիրը։ Իրանը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել, որ եթե այս ճակատներում չդադարեն ռազմական գործողությունները, ապա պարզապես դուրս կգա այս համաձայնագրից»։

Փորձագետի գնահատմամբ՝ Իսրայելն ունի բավարար ռեսուրսներ և հնարավորություններ, որպեսզի ցանկացած պահի վտանգի ենթարկի ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Հետևաբար, դեռ վաղ է խոսել ձեռքբերումների և տնտեսության զարգացման մասին, քանի դեռ չունենք վերջնական պատկեր, թե արդյոք այս համաձայնության թշնամիները թույլ կտա՞ն, որպեսզի այն լիարժեք իրագործվի», – ասաց Պողոսյանը։

Պողոսյանի գնահատմամբ, եթե 2015 թվականի միջուկային համաձայնությունը ավելի շահեկան էր Արևմուտքի համար, ապա ներկա պայմաններում Իրանը կարողացել է դիմադրել և որոշ գործընթացներ առաջ տանել իր համար ավելի նպաստավոր պայմաններով։

«Ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները լուրջ զիջումների են գնացել, ինչպես նաև չեմ կարծում, որ լուրջ զիջումների է գնացել Իրանը։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք չի ցանկանում ունենալ։ Հետևաբար, այս առումով ևս չեմ կարծում, որ զիջումներ են եղել։ Իսկ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները պարզապես հետաձգվել են և դարձել են հետագա քննարկումների առարկա»,- նշեց նա։

Պողոսյանի կարծիքով, հենց այդ հարցը հետագայում կարող է դառնալ համաձայնության խոցելի կետերից մեկը։

Ինչ վերաբերում է հուշագրի՝ Հայաստանի համար հնարավոր ազդեցությանը, ապա Panorama.am-ի զրուցակիցը նշեց,  համաձայնության հաջող իրագործման դեպքում Հայաստանի հնարավորությունները կարող են զգալիորեն ընդլայնվել։

«Իրանը Հայաստանի հարավային դարպասն է դեպի արտաքին աշխարհ։ Շատ ավելի կարևոր են այն լոգիստիկ ծրագրերը, որոնք հնարավոր է իրականացնել Իրանի հետ միասին։ Մենք դեռևս 2020 թվականից հետո ունեինք Իրանի, Հնդկաստանի և Հայաստանի միջոցով նոր տարանցիկ երթուղի ստեղծելու հնարավորություն, որը, ցավոք, առկախվեց», – ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ եթե հնարավոր լինի իրականացնել այդ նախագծերը, ինչպես նաև զարգացնել Իրանի հետ երկաթուղային կապը, Հայաստանը կստանա նոր տնտեսական հնարավորություններ։

«Եթե այս լոգիստիկ ուղիները հնարավոր լինի իրագործել, և օգտագործվի նաև Իրանի հետ երկաթուղային կապ հաստատելու հնարավորությունը, Հայաստանն իսկապես հնարավորություն կստանա թե՛  դիվերսիֆիկացվելու, թե՛ նոր շուկաներ դուրս գալու»,–եզրափակեց քաղաքագետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրան-ԱՄՆ համաձայնագրի հաջող իրականացումը նոր լոգիստիկ հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար. Քաղաքագետ