Բրյուսելում ստորագրվել է հուշագիր՝ աջակցելու Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին
Քաղաքական
15:07 24/06/2026
Հայաստան

Բրյուսելում ստորագրվել է հուշագիր՝ աջակցելու Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին

Բրյուսելում՝ «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձր մակարդակի մեկնարկային միջոցառման շրջանակում Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրել են համատեղ մտադրությունների մասին հուշագիր, որով պաշտոնապես արձանագրվեց EPIC (Eastern Partnership Investment in Connectivity) նախաձեռնության շրջանակում խորհրդատվական աջակցության մեկնարկը։  Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ 

Նախաձեռնությունը նախատեսում է աջակցություն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին, որոնք կապելու են սահմանային անցակետերը Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցին։ 

Առաջին փուլում Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի խորհրդատվական աջակցություն՝ անհրաժեշտ ուսումնասիրությունների շրջանակը սահմանելու և նշված ճանապարհային նախագծերի իրագործելի լուծումները մշակելու նպատակով։ 

Նախագծերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում և նպատակ ունեն նպաստել տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, Հայաստանի՝ որպես հուսալի տրանսպորտային և լոգիստիկ հանգույցի դերակատարության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպական միության Կապակցվածության օրակարգի առաջմղմանը։ 

Արձանագրությունը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովից Ադրիենն Կիրալին, Հայաստանից՝ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը և ՎԶԵԲ-ի ու ԵՆԲ-ի ներկայացուցիչներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բրյուսելում ստորագրվել է հուշագիր՝ աջակցելու Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին