Մեծ Բրիտանիայի թանգարաններն ու պատկերասրահները խոցելի են կիբեռհարձակումների և գողության համար. Ահազանգում են պատգամավորները
Իրավունք
18:00 24/06/2026
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի թանգարաններն ու պատկերասրահները խոցելի են կիբեռհարձակումների և գողության համար. Ահազանգում են պատգամավորները

Մեծ Բրիտանիայի թանգարաններն ու պատկերասրահները խոցելի են դառնում գողությունների և կիբեռհարձակումների նկատմամբ, որոնք կարող են վտանգի ենթարկել անգին հավաքածուները, զգուշացրել են պատգամավորները։

The Guardian-ի   փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի հանրային հաշիվների կոմիտեի զեկույցում նշվում է, որ վերջին տարիներին անվտանգության ոլորտում խոշոր ձախողումները, այդ թվում՝ Բրիտանական թանգարանից հազարավոր իրերի գողությունը և Բրիտանական գրադարանի վրա ավերիչ կիբեռհարձակումը, բացահայտել են ոլորտի լուրջ թույլ կողմերը, սակայն կառավարությունը չի կարողացել ռազմավարական մոտեցում ցուցաբերել նմանատիպ միջադեպերը կանխելու համար։

Զգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ Բրիտանական թանգարանում տարիների ընթացքում մոտ 2000 առարկա գողացվել, վնասվել կամ անհետացել է, ինչը հանգեցրել է տնօրեն Հարթվիգ Ֆիշերի հրաժարականին։ Նույն ժամանակահատվածում Բրիտանական գրադարանի վրա իրականացված փրկագին պահանջող կիբեռհարձակումը ամիսներով կաթվածահար է արել թվային ծառայությունները և հանգեցրել աշխատակիցների ու օգտատերերի տվյալների արտահոսքի։

Կոմիտեն ընդգծում է, որ նման միջադեպերը ցույց են տալիս ինչպես ֆիզիկական հավաքածուների անվտանգության, այնպես էլ թանգարանների թվային ենթակառուցվածքների նկատմամբ ավելի ուժեղ վերահսկողության անհրաժեշտությունը։ Սակայն մշակույթի, լրատվամիջոցների և սպորտի նախարարությունը (DCMS), ըստ պատգամավորների, չի ներկայացրել հստակ գործողություններ ոլորտի բարելավման համար։

Անվտանգության խնդիրները դիտարկվում են նաև միջազգային աճող միջադեպերի ֆոնին․ անցյալ տարի գողերը ներխուժել էին Լուվրի «Ապոլոն» պատկերասրահ և ութ րոպեից էլ քիչ ժամանակում հափշտակել 19-րդ դարի ֆրանսիական թագի ութ թանկարժեք զարդեր։

Պատգամավորները կառավարությանը կոչ են անում ներկայացնել, թե ինչ միջոցառումներ են իրականացվում թանգարաններում և պատկերասրահներում կիբեր և ֆիզիկական ռիսկերը նվազեցնելու համար՝ ներառյալ թվային գրառումների պահպանման համակարգերի ավելի լայն կիրառումը, որը կարող է կանխել հավաքածուներից առարկաների աննկատ անհետացումը։

Զեկույցը նաև ցույց է տալիս, որ չնայած 2024–25 թվականներին ոլորտի սեփական եկամուտը կազմել է 563 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ 2021–22 թվականների համեմատ աճելով 53%-ով, այցելուների թիվը դեռ չի վերադարձել համավարակից առաջ եղած մակարդակին։ Միևնույն ժամանակ աճել են անձնակազմի և էներգիայի ծախսերը, իսկ պետական ֆինանսավորումը նվազել է 16%-ով։

Մտահոգություններ կան նաև կառավարման ոլորտում․ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ պետական աջակցությամբ գործող 15 թանգարաններում և պատկերասրահներում հոգաբարձուների պաշտոնների 15%-ը թափուր է եղել, իսկ նշանակումների միջին տևողությունը կազմել է 219 օր՝ կրկնակի ավելի, քան կառավարության 90-օրյա նպատակային ցուցանիշը։

Պատգամավորները պահանջում են, որ պարզաբանվի, թե ինչպես են ապահովելու ղեկավար մարմինների անհրաժեշտ հմտությունները՝ աճող բարդ խնդիրների պայմաններում։

Թանգարանների անվտանգության խորհրդատու Վերնոն Ռեփլին էլ ընդգծել է, որ վերջին տարիներին ոլորտում աճել են ինչպես ներքին սպառնալիքները, այնպես էլ կիբերռիսկերը՝ նշելով, որ բարձրարժեք հավաքածուները և հանրային հասանելիությունը թանգարանները դարձնում են թիրախ։

Մեծ Բրիտանիայի Մշակույթի, լրատվամիջոցների և սպորտի նախարարության խոսնակը հայտարարել է, որ կառավարությունը արդեն ձեռնարկում է քայլեր ազգային թանգարանների ֆինանսական կայունությունը ուժեղացնելու ուղղությամբ և պատրաստ է քննարկել Հանրային հաշիվների կոմիտեի առաջարկությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեծ Բրիտանիայի թանգարաններն ու պատկերասրահները խոցելի են կիբեռհարձակումների և գողության համար. Ահազանգում են պատգամավորները