Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծ Բրիտանիայում շոգից պաշտպանվելու համար մանկահասակ երեխաների ծնողները օդորակիչներով հյուրանոցներ են ամրագրում
Շոգի ալիքը Մեծ Բրիտանիայում մեծացրել է օդորակիչով հյուրանոցային սենյակների պահանջարկը։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Եվրոպայում շարունակվող շոգի պայմաններում ընտանիքները, այդ թվում՝ նորածին երեխաներ ունեցող ծնողները, ավելի հաճախ են ամրագրում օդորակիչով հյուրանոցային սենյակներ՝ շոգից խուսափելու նպատակով։ Հյուրանոցային և վճարային ընկերությունները հայտնում են պահանջարկի և ամրագրումների զգալի աճի մասին։ Հունիսի 1-ից ի վեր Մեծ Բրիտանիայում «օդորակիչ» ֆիլտրով որոնումների թիվը եռապատկվել է, ինչը համընկել է Հյուսիսային Եվրոպայում գրանցված վերջին շոգի ալիքի հետ։ Միևնույն ժամանակ, Adyen վճարային ընկերության տվյալներով՝ հունիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայի հյուրանոցային ոլորտի եկամուտները 34%-ով գերազանցել են 2025 թվականի նույն օրերի ցուցանիշը։
Երկիրը վերջին օրերին ապրել է ամենաշոգ շաբաթներից մեկը. Անգլիայի և Ուելսի մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է մինչև 30°C-ի, իսկ ուրբաթ օրը Սուֆոլկի Վատիշեմ բնակավայրում գրանցվել է հունիսյան նոր ռեկորդ՝ 36.9°C։ Օդերևութաբանական ծառայությունը շաբաթվա ընթացքում հրապարակել են ծայրահեղ շոգի վերաբերյալ նախազգուշացումներ։
Մեծ Բրիտանիայում հյուրանոցներ շահագործողները հայտնել են, որ այս շաբաթ հյուրանոցների զբաղվածությունը հասել է 86%-ի, իսկ շատ հյուրանոցներ ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ ամրագրված են։ Ընկերության տվյալներով՝ ամրագրումից առաջ զանգահարողների մոտ մեկ երրորդը նախ հետաքրքրվել է՝ արդյոք սենյակներում կա օդորակիչ։ Հյուրանոցային ցանցը նաև արձանագրել է նորածին երեխաներ ունեցող ծնողների դիմումների աճ։ Նրանց խոսքով՝ շատ ընտանիքներ դժվարանում են տանը պահպանել երեխաների համար բավարար զով միջավայր, ուստի նախընտրում են մի քանի օր անցկացնել օդորակիչով հյուրանոցում։ Լոնդոնի Templeton Garden հյուրանոցի գլխավոր մենեջեր Դին Քալպանը նշել է, որ շոգի ալիքի ընթացքում հյուրանոցն աշխատում է գրեթե ամբողջական զբաղվածությամբ։ Նրա խոսքով՝ հյուրերն ավելի հաճախ են ընտրում հյուրանոցը՝ զով միջավայրում հանգստանալու, հեռավար աշխատելու կամ քաղաքի շոգից պաշտպանվելու համար՝ օգտվելով ինչպես օդորակիչով ներքին տարածքներից, այնպես էլ ստվերոտ մասնավոր այգուց։ Նա նաև նշել է, որ զգալիորեն աճել է պատշգամբներում ճաշելու և ըմպելիքներ վայելելու պահանջարկը։
Վուդսթոքում գործող The Feathers հյուրանոցի գործառնությունների մենեջեր Ջեմմա Ջոնսի խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում նկատվել է ամրագրումների աճ։ Շատ հյուրեր ընտրել են հյուրանոցը՝ հարմարավետ, օդորակիչով պայմաններում շոգից խուսափելու համար։
Նրա խոսքով՝ հյուրանոցի զբաղվածությունը մեկ շաբաթում աճել է 74%-ից մինչև 81%, իսկ մի շարք հյուրեր նախքան ամրագրումը հատուկ հետաքրքրվել են՝ արդյոք սենյակները օդորակիչ ունեն։ Ջոնսը նշել է, որ շոգի ալիքի ընթացքում օդորակիչով սենյակները դարձել են հյուրանոցի գլխավոր առավելություններից մեկը։ Նրա խոսքով՝ մի շարք հյուրեր հայտնել են, որ նախընտրել են մեկ-երկու օր անցկացնել հյուրանոցում, քան մնալ տանը, քանի որ վստահ են եղել, որ այնտեղ կկարողանան հանգիստ քնել և խուսափել շոգից։ Ամրագրումների մեծ մասը կատարվել է մոտակա բնակավայրերից ժամանած զույգերի կողմից, որոնք կազմակերպել են կարճատև, չպլանավորված հանգիստ, իսկ որոշ հյուրեր մեկ գիշերվա փոխարեն երկարացրել են իրենց հանգիստը մինչև երկու և ավելի գիշեր։