ՔՊ-ի տարածած ատելության խոսքին պետք է գնահատական տան իրավապահները. ԿԸՀ ներկայացուցչի դիրքորոշումը՝ ՍԴ-ում
Քաղաքական
16:47 27/06/2026
Հայաստան

ՔՊ-ի տարածած ատելության խոսքին պետք է գնահատական տան իրավապահները. ԿԸՀ ներկայացուցչի դիրքորոշումը՝ ՍԴ-ում

«Քաղաքական ուժերն իրենք են ընտրում իրենց նախընտրական քարոզչության իրականացման կազմակերպման ու անցկացման մեթոդներն ու եղանակները»,-ՍԴ-ում հայտարարեց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի՝ ՍԴ ներկայացրած դիմումներում ՔՊ կողմից նախընտրական քարոզչության ընթացքում ատելության խոսքի տարածման վերաբերյալ հատվածներին։

Նա մանրամասնեց.

««Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումում (էջ 68, 75), «Միասնության թևեր» կուսակցության դիմումում (էջ 7-13), «ԴՕԿ» կուսակցության դիմումում (էջ 17), «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումում (էջ 17-20) և «Նոր Ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումում (էջ 10-11) ներկայացված են հանգամանքներ, որոնք վերաբերում են նախընտրական քարոզչության ժամանակ ատելության խոսքին, բռնության կոչերին ու բռնության կիրառման սպառնալիքներին»։

Անդրադառնալով խոսքի ազատության սահմաններին՝ Նունե Հովհաննիսյանն ասաց, որ  ԿԸՀ-ի՝ 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 250-Ա որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշում կա։ Ըստ այդմ՝ թեև խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, որի պահպանումը հատկապես կարևոր է քարոզարշավների ժամանակ, այն չի կարող մեկնաբանվել որպես բացարձակ իրավունք:

ԿԸՀ-ն ընդգծել է, որ թեկնածուների հրապարակային ելույթներում հնարավոր քրեական պատասխանատվության հանգեցնող կոչերն ու հայտարարությունները ենթակա են իրավապահ մարմինների գնահատմանը և կարող են դառնալ այլ վարույթների առարկա:

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նախընտրական շրջանում ատելության խոսքի կանխարգելման վերաբերյալ հստակ սկզբունքներ է սահմանել նաև Սահմանադրական դատարանը (Բարձր դատարանը)։

«Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը և դրանց ներկայացուցիչները նախընտրական քարոզչության ընթացքում օգտվում են իրենց կարծիքն ազատ արտահայտելու լայն հնարավորություններից, ինչը ժողովրդավարական հասարակությունում հնարավորություն է տալիս ազատորեն ձևավորելու ժողովրդի կամքը, ուստի այն ընտրությունների ազատության սկզբունքի պահպանման անհրաժեշտ պայմանն է։ Այնուհանդերձ, նախընտրական քարոզչությունը չի կարող ուղեկցվել ատելության, բռնության կոչերով ու սպառնալիքներով, եթե անգամ այդ սպառնալիքն իրական չէ, որոնք խաթարում են խաղաղ և առողջ սոցիալական միջավայրը։ Քաղաքական ուժերը և դրանց ներկայացուցիչները պետք է նախընտրական քարոզչության ընթացքում դրսևորեն առավելագույն զսպվածություն, քաղաքական կոռեկտություն՝ բացառելով ատելության, բռնության ցանկացած գործ, սպառնալիք և արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարքագիծ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ի տարածած ատելության խոսքին պետք է գնահատական տան իրավապահները. ԿԸՀ ներկայացուցչի դիրքորոշումը՝ ՍԴ-ում