ԹՐԻՓՓ-ը նպաստում տարածաշրջանում փոխկապակցվածության ու փոխադարձ վստահության ձևավորմանը․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ
Քաղաքական
19:01 29/06/2026
Հայաստան

ԹՐԻՓՓ-ը նպաստում տարածաշրջանում փոխկապակցվածության ու փոխադարձ վստահության ձևավորմանը․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Իր ելույթում Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու մոտեցումները՝ անդրադառնալով Հայաստանի դիրքավորմանը փոխակերպվող, բազմաբևեռ միջազգային հարաբերությունների պայմաններում։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին կապերի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում համագործակցությունների ընդլայնումն ու ռազմավարական գործընկերությունների խորացումը։ Այս առնչությամբ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը, ինչպես նաև գործընկեր պետությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը։

Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումից՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ նշելով, որ ԹՐԻՓՓ-ը դրա կարևոր մաս է կազմում և նպաստում տարածաշրջանում փոխկապակցվածության ու փոխադարձ վստահության ձևավորմանը՝ ամրապնդելով Հայաստանի՝ որպես հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տարածաշրջանային կարևոր հանգույցի դերակատարությունը»,-նշված է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԹՐԻՓՓ-ը նպաստում տարածաշրջանում փոխկապակցվածության ու փոխադարձ վստահության ձևավորմանը․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ