Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս չարամիտ փորձը բացահայտում է Նեթանյահուի և նրա հանցակիցների դժվարին վիճակը. Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքն Իսրայելին
«Իսրայելի կառավարությունը, որը ամբողջ աշխարհի աչքի առաջ համակարգված հալածանքներ է իրականացնում պաղեստինցի ժողովրդի նկատմամբ և ներկայումս գտնվում է Արդարադատության միջազգային դատարանում՝ Գազայի բնակիչների դեմ ցեղասպանության հանցագործության գործով, փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ որոշումը միաձայն հավանության արժանանալուն։
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է՝ «այս չարամիտ փորձը, որն անտեսում է իրավական և պատմական փաստերը, բացահայտում է Նեթանյահուի և նրա հանցակիցների դժվարին վիճակը, որոնց նկատմամբ ձերբակալման օրդերներ են տրվել Միջազգային քրեական դատարանի կողմից պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ անցկացվող հետաքննության համատեքստում»։
«Թուրքիան կշարունակի վճռականորեն աշխատել տարածաշրջանում Իսրայելի ծավալապաշտական և անկայունացնող քաղաքականության դադարեցման և Նեթանյահուի կառավարությանն օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու համար՝ քաղաքացիական բնակչության, մասնավորապես՝ պաղեստինցի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչելուն։ Բանաձևը քննարկման էր դրել Իսրայելի ԱԳ նախարարը։
Մինչ այժմ Հայաստանի ԱԳՆ-ից դրա վերաբերյալ որևէ պաշտոնական արձագանք չկա։