Երեք տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր չճանաչելու պարագայում ԲՀԿ-ն կհաղթահարե՞ր 4 տոկոսանոց շեմը
Քաղաքական
13:28 29/06/2026
Հայաստան

Երեք տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր չճանաչելու պարագայում ԲՀԿ-ն կհաղթահարե՞ր 4 տոկոսանոց շեմը

«Հունիսի 7-ին կայացած քվեարկության արդյունքներով անճշտությունների  գումարային չափը կազմել է 4331։ Եթե նշվածներից հանենք  թվով 3 ընտրական տեղամասերում քվեարկության մասնակիցների թվերը որպես անճշտությունների գումարային չափ, անճշտությունների գումարայիան չափը կազմել է 920»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։

Հովակիմյանն արձագանքեց, որ այդտեղ ինչ-որ շփոթմունք կա, կազմում է 936։ Դատավորն անմիջապես հավելեց, որ տվյալները ԿԸՀ կայքից է վերցվել։

«Իմ մաթեմատիկայով 920 է»,- ասաց դատավորը։

Հովակիմյանը բացատրեց, թե որտեղ է խնդիրը։

«Նման պայմաններում, եթե անճշտությունների չափ ընդունում ենք, օրինակ 935, քվեարկությունից հետո ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները, այդ պահի դրությամբ, նախնական արդյունքների կոնտեքստում, ԲՀԿ-ն հաղթահարե՞լ էր 4 տոկոսանոց շեմը»,- հարցրեց Շաթիրյանը։

ԿԸՀ նախագահն ասաց, որ այն պահին երբ որ հրապարակել են նախանական արդյունքները, ոչ։

ՍԴ դատավորը նաև հարցրեց՝ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր չճանաչելու պարագայում ԲՀԿ-ն կհաղթահարե՞ր 4 տոկոսանոց շեմը, Հովակիմյանն ասաց. «Ես չգիտեմ, այդ երեք տեղամասերում պետք է ունենայի  վավեր քվեարկության արդյունքներ»։

Դատավորն ընգծեց՝ «պայմանականորեն է ասում»։

«Երբ որ չունենք վավեր քվեարկության արդյունքներ... Ընտրական օրենսգրքի տեսանկյունից եթե չկա վավեր քվեարկության արդյունք, բոլոր տվյալները զրո են»,- պարզաբանեց ԿԸՀ նախագահը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երեք տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր չճանաչելու պարագայում ԲՀԿ-ն կհաղթահարե՞ր 4 տոկոսանոց շեմը