Ծնկի գալ ազգի առաջ. Հարավային Կորեայի ազգային հավաքականի մարզիչը հրաժարական է տվել
Սպորտ
16:47 29/06/2026
Աշխարհ

Ծնկի գալ ազգի առաջ. Հարավային Կորեայի ազգային հավաքականի մարզիչը հրաժարական է տվել

Հարավային Կորեայի տղամարդկանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հոնգ Մյոն Բոն հրաժարական է տվել պաշտոնից՝ Աշխարհի առաջնության հաջորդ փուլ չանցնելու պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Առաջնությունից վաղ փուլում դուրս մնալը լայն քննադատության է արժանացել և նախագահ Լի Ջե Մյունգը կոչ է արել հետաքննել թիմի պարտության պատճառները։ Հոնգը ներողություն է խնդրել երկրպագուներից և ասել, որ պատասխանատվությունը ամբողջությամբ իր վրա է վերցնում որպես գլխավոր մարզիչ։

ՖԻՖԱ-ի տղամարդկանց վարկանիշային աղյուսակում 32-րդ տեղը զբաղեցնող Հարավային Կորեան Աշխարհի առաջնությունում գրանցել է երկու պարտություն և մեկ հաղթանակ՝ զիջելով Մեքսիկային և Հարավային Աֆրիկային, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են 15-րդ և 60-րդ տեղերը։

Քննադատությունները կտրուկ աճել են թիմի՝ հինգշաբթի օրը Հարավային Աֆրիկայի հետ կայացած վերջին խաղից հետո, որը Հարավային Կորեան պարտվեց 1-0 հաշվով։

Երկրպագուները մեղադրում են Հոնգին, ով վերջին երկու տարիների ընթացքում մարզել է թիմը: Այսօր ազգային հավաքականի երկրպագուների ակումբը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Հոնգին «ծնկի գալ ամբողջ ազգի առջև և ընդմիշտ հեռանալ ֆուտբոլային աշխարհից»:

Երեկ Մեքսիկայում կայացած մամուլի ասուլիսում իր հրաժարականի մասին հայտարարելով՝ Հոնգն ասել է՝  մենք չտվեցինք այն արդյունքները, որոնք մեր երկրպագուները սպասում էին։

«Չնայած ես լքում եմ ազգային հավաքականը, ես ընդհանրապես չեմ հրաժարվում կորեական ֆուտբոլից», - ասել է  Հոնգը՝ նշելով, որ ամբողջ սրտով կերկրպագի ազգային հավաքականին և հույս ունի որ թիմը կրկին կսիրվի ժողովրդի կողմից։

Ի դեպ, Հոնգի նշանակումը գլխավոր մարզչի պաշտոնում ի սկզբանե վիճահարույց է եղել։ Հարավային Կորեայի նախկին պաշտպանը 2002 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության հաջողության հերոսներից էր՝ խաղը հասցնելով պատմական կիսաեզրափակիչ։ Սակայն, երբ նա 2014 թվականին թիմը գլխավորել է որպես մարզիչ, Հարվային Կորեայի թիմը չի կարողացել անցնել խմբային փուլից այն կողմ կամ հաղթել մեկ խաղում։

Հարավային Կորեայի ոստիկանությունը հայտնել է, որ հետևում է Ինչհոնի օդանավակայանում և այլ վայրերում անվտանգությանը, այն բանից հետո, երբ Հոնգի դեմ մահվան սպառնալիք է հնչել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder