Կալիֆոռնիայում կենդանիների ապաստարանում հայտնաբերվել են 117 շան մարմին
Հասարակություն
17:48 30/06/2026
Աշխարհ

Կալիֆոռնիայում կենդանիների ապաստարանում հայտնաբերվել են 117 շան մարմին

Կալիֆոռնիայի հյուսիսում գտնվող կենդանիների ապաստարանի տարածքում, որտեղ արգելված են կենդանիների սպանությունները, քննիչները հայտնաբերել են 117 շան մարմիններ՝ տարբեր աստիճանի քայքայման վիճակում։ Նախնական տվյալներով՝ կենդանիներից շատերի մահվան պատճառը եղել են հրազենային վնասվածքները։

BBC-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պեղումներ են իրականացրել Միրանդայի կենդանիների փրկարարական կենտրոնի բաց տարածքներում՝ ստուգելու զանգվածային սպանությունների մասին տեղեկությունները։ Որոնումների ընթացքում հայտնաբերվել է նաև շուրջ շան 600 վզկապ։

Հետաքննությունը սկսվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և հնարավոր սպանության վերաբերյալ ստացված հավաստի տեղեկությունների հիման վրա, այն բանից հետո, երբ պարզվել էր, որ կենտրոնից անհետացել են հարյուրավոր կենդանիներ։

Ապաստարանի սեփականատեր Շենոն Միրանդան մինչ պեղումների արդյունքների հրապարակումն առցանց հայտարարությամբ կոչ էր արել հանրությանը «հաշվի առնել բոլոր փաստերը՝ նախքան եզրակացություններ անելը»։ Նրա խոսքով՝ լրատվամիջոցների հրապարակումները և առցանց մեկնաբանությունները ներկայացրել են հաստատության գործունեության «թերի և որոշ դեպքերում՝ ոչ ճշգրիտ պատկեր»։

Ներկա պահին հետաքննության շրջանակում նրա նկատմամբ որևէ քրեական մեղադրանք չի առաջադրվել։

Հետաքննությունը մեկնարկել է ապրիլին՝ կենդանիների նկատմամբ ծանր բռնության, դաժան վերաբերմունքի վերաբերյալ տեղեկություններ ստանալուց հետո։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործի քննությունը սկսվել է այն բանից հետո, երբ հարևաններից մեկը խոստովանել է, որ առանց թույլտվության մուտք է գործել տարածք և փորել այն հատվածը, որտեղ, իր կարծիքով, թաղված շներ կային։

Քննության ընթացքում պարզվել է, որ փրկարարական կենտրոնը 2025 թվականի սկզբից ընդունել է շուրջ 900 կենդանի, մինչդեռ այդ ընթացքում իրականացվել է ընդամենը 116 որդեգրում։ Ոստիկանապետ Ուիլյամ Հոնսալի խոսքով՝ ավելի քան 700 կենդանի ներկայումս համարվում է անհետ կորած։

Հայտնաբերված շներից 70-ի մարմինները ենթարկվել են ռենտգենյան հետազոտության, որի արդյունքում արձանագրվել են գնդակի բեկորներ։ Քննիչների նախնական գնահատմամբ՝ կենդանիներից շատերը սատկել են հրազենային վնասվածքների հետևանքով։

Սատկած կենդանիների մեծ մասը միկրոչիպավորված է եղել։ Ներկայում մասնագետները ուսումնասիրում են դրանց տվյալները։

Նոր բացահայտումներից առաջ Շենոն Միրանդան հայտարարել էր, որ իր ղեկավարած հաստատությունը «սպանություններն արգելող փրկարարական ծառայություն» է և հերքել էր իշխանությունների ու լրատվամիջոցների կողմից ներկայացված մեղադրանքները։ Նրա խոսքով՝ նման կենտրոնները հաճախ ընդունում են այն կենդանիներին, որոնց այլ ապաստարանները չեն կարողանում տեղավորել։

Միրանդան նշել էր, որ իր ղեկավարած կենտրոնում էֆթանազիա կիրառվել է միայն բացառիկ դեպքերում՝ երբ կենդանին տառապել է անբուժելի հիվանդությամբ կամ լուրջ և շարունակական վտանգ է ներկայացրել մարդկանց կամ այլ կենդանիների համար, և ոչ երբեք պարզապես տարածք ազատելու նպատակով։

«Եթե հավաքվեն բավարար ապացույցներ, որոնք կհաստատեն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խարդախության կամ այլ օրենքների խախտման փաստերը, գործը կներկայացվի դատախազություն՝ քրեական մեղադրանքների առաջադրման հարցը քննարկելու համար»,- հայտարարել է Համբոլդտ ոստիկանությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կալիֆոռնիայում կենդանիների ապաստարանում հայտնաբերվել են 117 շան մարմին