Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարավային Աֆրիկայում կրքերը չեն հանդարտվում. Հակամիգրացիոն բողոքի ցույցերը նոր թափ են հավաքում
Հարավային Աֆրիկայի տարբեր քաղաքներում ոստիկանության ուժեղացված հսկողություն է ապահովվել՝ կապված այն մտավախությունների հետ, որ նախատեսված հակամիգրացիոն բողոքի ցույցերը կարող են վերաճել բռնության։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նախագահ Սիրիլ Ռամաֆոսան կոչ է արել կազմակերպիչներին և մասնակիցներին գործել առանց «սպառնալիքների, ահաբեկման կամ վերջնագրերի»։
Ցուցարարները պահանջում են երկրում գտնվող բոլոր անօրինական օտարերկրացիների հեռացումը։ Վերջին շաբաթներին հազարավոր մարդիկ արդեն լքել են երկիրը՝ խուսափելով հնարավոր բռնություններից և սպառնալիքներից։ Հարավաֆրիկյան ոստիկանության տվյալներով՝ մինչ այժմ երկրից հեռացել է շուրջ 25,000 մարդ, որոնց մեծ մասը աֆրիկյան այլ երկրներից է։
BBC-ի հետ զրուցած անօրինական ներգաղթյալներից մեկը հայտնել է, որ «ուրախ է վերադառնալու համար», սակայն միաժամանակ վատ է զգում՝ թողնելով իր չորս փոքր երեխաներին։
Ոստիկանությունը հայտնել է, որ Յոհաննեսբուրգի Սոուետո թաղամասում ձերբակալվել է հինգ մարդ՝ ենթադրաբար օտարերկրացու խանութը թալանելու համար։ Համանման միջադեպի կապակցությամբ հինգ մարդ ևս ձերբակալվել է Կվազուլու-Նատալ նահանգի Համարսդեյլ բնակավայրում։
Նախագահ Ռամաֆոսան բազմիցս զգուշացրել է ցուցարարներին գործել խաղաղ՝ միաժամանակ ընդունելով ներգաղթային բարեփոխումների անհրաժեշտությունը։ Նա իր շաբաթական ուղերձում նշել է, որ Հարավային Աֆրիկայում բնակվող որոշ օտարերկրացիներ օրինական հիմքերով են գտնվում երկրում՝ աշխատում են, սովորում, ընտանիք են պահում և ներդրում ունենում տնտեսության մեջ, ուստի նրանք նույնպես պետք է պաշտպանված լինեն օրենքով։
Նրա խոսքով՝ «բողոքի իրավունքը և խոսքի ազատությունը չեն թույլատրում սպառնալիքներ, ահաբեկում կամ բռնություն»։
Պաշտոնական տվյալներով՝ երկրում կա ավելի քան երեք միլիոն գրանցված օտարերկրյա քաղաքացի, սակայն առանց փաստաթղթերի գտնվողների թիվը զգալիորեն ավելի մեծ է, ինչը դարձել է ցուցարարների հիմնական վեճերից մեկը։
Հազարավոր միգրանտներ շաբաթներ շարունակ սպասում են ժամանակավոր ճամբարներում՝ մտահոգված իրենց անվտանգությամբ։ Դուրբանում տեղադրված ժամանակավոր ճամբարները հիմնականում բնակեցված են եղել մալավիացիներով, սակայն այժմ ճամբարները վերացվում են, քանի որ իշխանությունները փորձում են արագ կազմակերպել վերադարձի գործընթացը։
BBC-ի հետ զրուցած մեկ այլ միգրանտ՝ Հասան Փիրին, կոչ է արել կողմերին պահպանել միասնությունը՝ ասելով, որ «Աֆրիկան պետք է մնա Աֆրիկա»։
Հակամիգրանտային երթերը թույլատրվել են Դուրբանում, Յոհաննեսբուրգում և այլ քաղաքներում։ Իշխանությունները զգուշացրել են կազմակերպիչներին ապահովել խաղաղ ընթացք, սակայն նշել են, որ պատրաստ են ցանկացած հնարավոր խափանման։
Ոստիկանությունը նաև հայտարարել է, որ ավանդական զենքերի օգտագործումը արգելված է, ինչը կարող է լարվածություն առաջացնել, քանի որ որոշ ցուցարարներ՝ հիմնականում զուլու համայնքից, հաճախ կրում են վահաններ, մտրակներ և փայտեր։
Կառավարության տվյալներով՝ այս տարվա սկզբից սկսված բողոքի ալիքի ընթացքում ավելի քան 12,000 ներգաղթյալ է արտաքսվել։ Վերջին շաբաթներին Գանան, Մալավին, Մոզամբիկը, Նիգերիան և Զիմբաբվեն կազմակերպել են վերադարձներ օդային և ավտոբուսային ճանապարհներով, իսկ շուրջ 3,500 օտարերկրացի ինքնակամ է հեռացել։
Հարավաֆրիկյան իշխանությունները պնդում են, որ հայրենադարձված ավելի քան 500 նիգերիացիներ չունեին համապատասխան փաստաթղթեր, ինչը վիճարկում է Նիգերիան։