Տիգրան Արզաքանցյանին արգելվել է մոտենալ Նատալյա Ռոտենբերգին
Հասարակություն
16:10 30/06/2026
Հայաստան

Տիգրան Արզաքանցյանին արգելվել է մոտենալ Նատալյա Ռոտենբերգին

«Տիգրան Արզաքանցյանը չի կարող մոտենալ Նատալյա Սերգեևնային՝ ո՛չ անձամբ, ո՛չ էլ միջնորդավորված։ Անթույլատրելի է նրանց որևէ տեսակի շփումը։ Ընդ որում՝ այդ որոշման կատարումն ապահովելու համար տիկին Նատալյա Սերգեևնային արդեն կցվել են հատուկ անձինք, որոնք 24/7 ռեժիմով իրականացնում են վերջինիս պաշտպանությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Նատալյա Ռոտենբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը:

Փաստաբանը հավելեց, որ հունիսի 8-ին Ռոտենբերգի բնակության վայրից ահազանգ է ստացվել, ըստ որի՝ ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի կողմից, խանդի հողի վրա ծագած կենցաղային վիճաբանության ընթացքում բռնություն է գործադրվել իր նկատմամբ։

Հասմիկ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ՝ բռնության և ազատությունից ապօրինի զրկելու հոդվածներով:

Գործի մանրամասների վերաբերյալ Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Քննչական կոմիտեից, սակայն հայտնեցին՝ քանի որ վարույթը մասնավոր կյանքին է վերաբերում, ենթակա չէ մեկնաբանման, հետագայում ևս գործի ելքի վերաբերյալ մանրամասներ չեն հանրայնացվելու։

Ինչ վերաբերում է ենթադրյալ բռնության մեջ մեղադրվող Տիգրան Արզաքանցյանին, նա այս պահին երկրում չէ։ Panorama.am-ի հեռախոսազանգին միացավ արաբալեզու ինքնապատասխանիչը՝ տեղեկացնելով, որ բաժանորդն անհասանելի է։ Կարելի է ենթադրել, որ Արզաքանցյանն այժմ գտնվում է արաբական որևէ երկրում, ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջում տեղակացրել էր, որ գտնվում է Իսպանիայում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder