Եթե ԱՄՆ-ն չառաջնորդի խաղաղության գործընթացը, վակուումը կփորձեն լրացնել Ռուսաստանն ու Իրանը. ԱՄՆ կոնգրեսական
Քաղաքական
17:34 01/07/2026
Աշխարհ

Եթե ԱՄՆ-ն չառաջնորդի խաղաղության գործընթացը, վակուումը կփորձեն լրացնել Ռուսաստանն ու Իրանը. ԱՄՆ կոնգրեսական

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված պատմական խաղաղության համաձայնագիրը ձևավորում է քաղաքական հիմք, որը հաջողության հասնելու համար պահանջում է միջազգային կայուն ուշադրություն և աջակցություն: Նման վճռորոշ պահին Միացյալ Նահանգները չի կարող մնալ անտեսված: Ամերիկայի շահերն առավել լավ են պաշտպանվում, երբ հուսալի գործընկերները հաջողության են հասնում, և խաղաղությունն ամրապնդվում է ԱՄՆ կայուն առաջնորդությամբ»,-Newsmax-ում    հրապարակված իր հոդվածում ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեն։

Կոնգրեսականը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարության ներքո Հայաստանը և Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել երկարատև և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ, հավելելով, որ այս պատմական առաջընթացը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական աճի, տարածաշրջանային կայունության և երկարաժամկետ բարգավաճման համար:

Նրա գնահատմամբ, սակայն այս հնարավորությունները կարող են լիովին իրացվել միայն խաղաղ միջավայրում:

«Եթե ​​Ամերիկան ​​չկարողանա առաջնորդել, այնպիսի հակառակորդ ուժեր, ինչպիսիք են Ռուսաստանը կամ Իրանը, կփորձեն լրացնել այդ վակուումը, խաթարելով ինչպես տարածաշրջանային կայունությունը, այնպես էլ ԱՄՆ ռազմավարական շահերը։

Ամերիկայի շահերն առավել լավ են պահպանվում, երբ հուսալի գործընկերները հաջողության են հասնում, և երբ խաղաղությունը ամրապնդվում է ամերիկյան կայուն առաջնորդության միջոցով։

Այս սկզբունքը տարածվում է Հարավային Կովկասից շատ ավելի հեռու»,-նշել է նա։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի ամրապնդել հարաբերությունները այն երկրների հետ, որոնք Նահանգների հետ են ահաբեկչության դեմ պայքարում, ագրեսիայի զսպման և ավտորիտար ազդեցության դեմ պայքարում։

«ԱՄՆ պետք է աջակցի այն գործընկերներին, որոնք առաջ են մղում տարածաշրջանային անվտանգությունը, հարգում են ազգային ինքնիշխանությունը և ձգտում են ավելի խորը տնտեսական և ռազմավարական համագործակցության Միացյալ Նահանգների հետ։

Այդպես անելով՝ մենք ոչ միայն խթանում ենք խաղաղությունը արտասահմանում, այլև առաջ ենք մղում Ամերիկայի անվտանգությունը, տնտեսական շահերը և գլոբալ առաջատարությունը երկրի ներսում։ Դիվանագիտությունը թուլություն չէ, քանի որ այն հիմնված է ամերիկյան ուժի վրա, որը մեր ամենամեծ ռազմավարական առավելություններից մեկն է»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե ԱՄՆ-ն չառաջնորդի խաղաղության գործընթացը, վակուումը կփորձեն լրացնել Ռուսաստանն ու Իրանը. ԱՄՆ կոնգրեսական