«Ժողովուրդ». Ինչպիսի միլիոնների հասնող կարողությամբ է Դավիթ Առաքելյանը հեռանում խորհրդարանից
Օրվա մամուլ
08:28 01/07/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչպիսի միլիոնների հասնող կարողությամբ է Դավիթ Առաքելյանը հեռանում խորհրդարանից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը օգոստոսի 2-ից կլքի իր պաշտոնը։ Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների կողմից չընտրվեց որպես նոր խորհրդարանի նախագահի թեկնածու։ Քանի որ Դավիթ Առաքելյանը Ալեն Սիմոնյանի թիմակիցն է, պետք է հեռանա զբաղեցրած դիրքից։

Նկատենք, որ պաշտոնյայի կենսագրության մասին որևէ տվյալ գտնել չհաջողվեց, քանի որ Դավիթ Առաքելյանի կենսագրությունը սկսվում է 2018-ից հետո. նա անգամ կրթություն ստացավ ԱԺ աշխատակազմի ղեկավար դառնալուց հետո՝ համատեղելով բարձր պաշտոնը ուսանողի կարգավիճակի հետ։

Հիշեցնենք, որ Առաքելյանն այս պաշտոնին նշանակվել էր 2023 թվականի փետրվարի 3-ին՝ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ԱԺ նախագահի օգնականի պաշտոնը, և բազմիցս հրապարակվել է, որ նրան ԱԺ-ում և այնտեղից դուրս ճանաչում են մականունով՝ ձուկ։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է նրա հայտարարագրերը և պարզել, թե ինչպիսի միլիոնների հասնող կարողությամբ է նա հեռանում խորհրդարանից։

2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ հանդիսացող Դավիթ Առաքելյանը խորհրդարանից հեռանում է բավականին տպավորիչ խնայողություններով, բանկային միջոցներով և կրիպտոարժույթով։

Պաշտոնյան տարվա վերջում սեփականության իրավունքով իրեն պատկանող որևէ անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Փոխարենը՝ նա հայտարարագրել է, որ փաստացի տիրապետում (90 և ավելի օր օգտագործում) է Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով (սեփականատիրոջ տվյալները պաշտպանված են)։

Կանխիկ դրամական միջոցներ. 15,650,000 ՀՀ դրամ, 48,000 ԱՄՆ դոլար, 7,500 եվրո և 3,800 շվեյցարական ֆրանկ (CHF)։

Բանկային և էլեկտրոնային հաշիվներ. Բանկային հաշիվներից մեկում առկա է 5,211,329 ՀՀ դրամ, իսկ մյուսում՝ 7,562 ՀՀ դրամ (բանկերի անունները պաշտպանված են)։ «Իդրամ» էլեկտրոնային հաշվին ունի 2,074 դրամ։

Կրիպտոարժույթ. Ունի 481 FTN կրիպտոարժույթ (որը տարվա սկզբին եղել է 6,474 FTN, սակայն մեծ մասը վաճառվել է)։

Տարեկան եկամուտ. 2025 թվականի ընթացքում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 28,160,228 ՀՀ դրամ, որից 17,648,704 դրամը ԱԺ-ից ստացված աշխատավարձն է (պատգամավորներից բարձր աշխատավարձ է ստանում), իսկ մնացածը՝ կրիպտոարժույթի վաճառքից ստացված միջոցները (4,579,044 դրամ և 16,000 ԱՄՆ դոլար)։

Ունեցվածքի էվոլյուցիան առավել հստակ պատկերացնելու համար համեմատենք 2021 թվականի տարեվերջի (ԱԺ մուտք գործելուց հետո) և 2025 թվականի տարեվերջի (պաշտոնը լքելու նախաշեմին) տվյալները։

Կանխիկ դրամական միջոցներ. 2021 թվականի տարեվերջին Դավիթ Առաքելյանն ունեցել է 4,928,000 ՀՀ դրամ կանխիկ գումար, որը 2025 թվականի տարեվերջին հասել է 15,650,000 դրամի։ ԱՄՆ դոլարով խնայողությունները $26,700-ից գրեթե կրկնապատկվել են՝ դառնալով $48,000։ Եվրոյի դեպքում արձանագրվել է թեթև աճ՝ €7,000-ից հասնելով €7,500-ի։ Բացի այդ, եթե 2021-ին պաշտոնյան չի ունեցել շվեյցարական ֆրանկ, ապա 2025-ին հայտարարագրել է 3,800 CHF։ Փոխարենը՝ 2021 թվականին ունեցած 235,000 ռուսական ռուբլին տարիների ընթացքում ամբողջությամբ զրոյացել է։

Բանկային և էլեկտրոնային հաշիվներ. Խորհրդարանում գործունեության մեկնարկին բանկային հաշիվների ընդհանուր մնացորդը կազմում էր շուրջ 683,681 ՀՀ դրամ, մինչդեռ պաշտոնից հեռանալու պահին այն զգալիորեն աճել է՝ երկու հաշիվներում միասին կազմելով 5,218,891 ՀՀ դրամ։

Կրիպտոարժույթ. 2021 թվականին Դավիթ Առաքելյանը որևէ կրիպտոարժույթ չէր հայտարարագրել, իսկ 2025 թվականի տարեվերջին նրա հաշվին առկա է 481 FTN (նշենք, որ տարվա ընթացքում այն եղել է 6,474 FTN, սակայն մեծ մասը վաճառվել է)։

Տարեկան ընդհանուր եկամուտ. Պաշտոնյայի տարեկան եկամուտները շեշտակի թռիչք են արձանագրել. եթե 2021 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմում էր ընդամենը 5,729,829 ՀՀ դրամ, ապա 2025 թվականին այն հասել է ռեկորդային՝ 28,160,228 ՀՀ դրամի։

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրում է, որ Ալեն Սիմոնյանի թիմի կարկառուն ներկայացուցիչը, չնայած իր կենսագրական աղքատիկ տվյալների բացակայությանը, խորհրդարանական գործունեության տարիներին կարողացել է իր դրամական խնայողությունները եռապատկել, դոլարային պաշարները գրեթե կրկնապատկել, ձեռք բերել բանկային միլիոնավոր միջոցներ ու կրիպտոարժույթի տպավորիչ շրջանառություն իրականացնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ինչպիսի միլիոնների հասնող կարողությամբ է Դավիթ Առաքելյանը հեռանում խորհրդարանից