Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞ւ երիտասարդ կանայք պետք է բարձրանան լեռներ. Հնդկաստանի 23-ամյա բնակիչը պատմում է դժվարությունների մասին
«Արևածագից առաջ ես և իմ երկու ամենամտերիմ ընկերները ջուր և ուտելիք ենք դնում մեր ուսապարկերի մեջ, հագնում ենք մեր ունեցած կոշիկները, ամուր քաշում ենք մեր հիջաբները սառը քամուց պաշտպանվելու համար և բարձրանում ենք մեր գյուղի վերևում գտնվող լեռները»,- լեռնագնացության, Հնդկաստանում կանանց լեռներ բարձրանալու դժվարությունների և հասարակության կարծիքի մասին The Guardian-ին պատմել է Լադախի Կարգիլ շրջանից 23-ամյա երիտասարդ կինը։
Նրա խոսքով՝ արահետում սովորաբար լսում են թռչունների երգը, հոսող ջրի ձայնը և իրենց ծիծաղի արձագանքը։
«Բնության մեջ գտնվելու այդ զգացողությունը դժվար է բացատրել։ Կարգիում երիտասարդ կանանցից ակնկալվում է սովորել, օգնել տնային գործերում։ Առօրյան ինձ մեխանիկական է թվում՝ ուսում, պարտականություններ և նույն կրկնվող կյանքը։ Բայց երբ ես լեռներում եմ, ամեն ինչ փոխվում է։ Ես ինձ ողջ եմ զգում»,- ասել է նա։
23-ամյա աղջիկն ապրում է ծնողների, չորս քույրերի, եղբոր հետ և սովորում է Լադախի համալսարանում։
Կարգիլում երիտասարդ կանանց լեռնագնացությամբ զբաղվելը դեռևս անսովոր է համարվում։
«Որոշ մարդիկ մեզ քննադատում են, որ այդքան ժամանակ ենք անցկացնում բնության մեջ կամ հեռավոր վայրեր գնում։ Հարազատներից ոմանք նույնիսկ հարցնում են, թե ինչու երիտասարդ կանայք պետք է ընդհանրապես լեռներ բարձրանան։ Բայց երբ սկսում ենք քայլել, այդ բոլոր ձայները պարզապես անհետանում են»,- ասել է նա։
Կնոջ խոսքով, լեռնագնացությունը սովորեցնում է համբերություն, ուժ և սեր բնության հանդեպ։
«Երբ հաղթահարում ենք դժվար վերելքը և հասնում գագաթին, բացվող տեսարանը յուրաքանչյուր դժվար քայլը դարձնում է արժեքավոր»,- հավելել է երիտասարդ կինը։
Արշավները նաև ավելի են ամրացրել նրանց ընկերությունը։
«Եթե մեզանից մեկը հոգնում է, մյուսները խրախուսում են նրան շարունակել։ Եթե մեկը դժվարանում է, մյուսները դանդաղեցնում են ընթացքն ու օգնում նրան»,- պատմել է նա։
Թեև բացասական վերաբերմունքը դեռ ամբողջությամբ չի վերացել, երիտասարդ կինը փոփոխություններ է նկատում։ Նրա խոսքով՝ սկզբում ծնողները նույնպես անհանգստանում էին. «Նրանք հարցնում էին, թե ուր ենք գնում և ինչու է պետք այդքան հեռու լեռներ գնալ։ Բայց ժամանակի ընթացքում տեսան, թե որքան կարևոր է դա ինձ համար։ Հիմա նրանք աջակցում են ինձ»։
Երիտասարդ կինը համոզված է, որ աղջիկները պետք է հնարավորություն ունենան ազատորեն բացահայտել աշխարհը, սակայն հասարակության մեջ դեռևս գոյություն ունեն կարծրատիպեր։
Աղջիկը երազում է դառնալ լեռնային ուղեկցորդ և զբաղվել հասարակական գործունեությամբ։ Իր ապագայի մասին խոսելիս երիտասարդ կինը նշում է, որ իր կյանքր 10 տարի անց պատկերացնում է աշխարհի լեռներն ուսումնասիրելիս։