Հայաստանում այլևս սահմանադրություն չի գործում, մեր հիմնական խնդիրը սահմանադրական իրավունքի վերականգնումն է. Ստեփան Դանիելյան
Քաղաքական
16:03 02/07/2026
Հայաստան

Հայաստանում այլևս սահմանադրություն չի գործում, մեր հիմնական խնդիրը սահմանադրական իրավունքի վերականգնումն է. Ստեփան Դանիելյան

«Մենք գտնվում ենք մի երկրում, որտեղ սահմանադրական կարգ այլևս գոյություն չունի, որտեղ չկան սահմանադրական ազատություններ։ Ունեցվածքի սեփականության իրավունք գոյություն չունի։ Գործող վարչապետը ասում է՝ բոլորին սնանկացնելու եմ Հայաստանում»,- կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց  «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով՝ արդեն չկա խոսքի ազատություն, մարդկանց դատարաններով զրկում են խոսելու իրավունքից դատարանների միջոցով։

«Հայաստանում չկա խղճի ազատություն, որովհետև գործող վարչապետը որոշում է՝ ով պետք է լինի կաթողիկոս, ով չպետք է լինի։ Հայաստանում չկա անմեղության կանխավարկածը, և գործող վարչապետը հրահանգներ է տալիս՝ ում բռնել, ում չբռնել, ում ասֆալտին պառկացնել, ով է պետական դավաճան, և իրավապահ համակարգը դա կատարում է։ Այս ամենը մենք կարող ենք շատ երկար թվարկել, բայց մենք պետք է հասկանանք՝ Հայաստանում այլևս սահմանադրություն չի գործում, և մեր հիմնական խնդիրը սահմանադրական իրավունքների վերականգնելն է։ Սա է համար մեկ քաղաքական խնդիրը, և Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, որ մենք անօրինական երկրում ենք գտնվում»,- ասաց Ստեփան Դանիելյանը։

Նա նաև նշեց՝ ապրում ենք մի երկրում, որտեղ արդեն բռնապետություն է, և այդ բռնապետությունն ունի արտաքին հովանավորներ։

«Հովանավորներից մեկը այսօր Երևանում է՝ ֆոն դեր Լայեն ազգանունով մի կին, որը այս ամբողջ անօրինականությունները ներկայացնում է որպես դեմոկրատիայի պահպանություն։ Մենք անազատ երկրում ենք գտնվում, մենք ապրում ենք բռնատիրական երկրում, և այսօրվա քաղաքական միակ օրակարգը սահմանադրությունը վերականգնելն է։ Քաղաքական պայքարը պետք է գնա սահմանադրական երկիր նորից դառնալու ուղղությամբ։ Մենք միայն կարող ենք դիմել մեր հասարակությանը, բացատրել, թե ինչ երկրում ենք մենք գտնվում և ինչ քաղաքական օրակարգ է մեր առաջ»,-ասաց նա։

Քաղաքագետն ընդգծեց՝ քաղաքացիները պետք է դա հասկանան և նաև իրենք չպետք է խաբնվեն դեմոկրատիա կոչվածին։

«Այն դեմոկրատիան, որը մեզ առաջարկվում է, դեմոկրատիայի ավարտն է, և իրեն դեմոկրատական կոչող Եվրոպական միությունն  այսօր ոչնչացնում է դեմոկրատիայի վերջին նմուշները Հայաստանում՝ աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով։ Մենք չպետք է խաբնվենք այդ ամենին, մենք պետք է հասկանանք, որ մեր խնդիրները մենք ենք լուծելու»,- հայտարարեց Ստեփան Դանիելյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder