Ինչպե՞ս են թվային սարքերը փոխում մեր մարմինը և ի՞նչ կարելի է անել դրա դեմ
Առողջություն
12:27 02/07/2026
Աշխարհ

Ինչպե՞ս են թվային սարքերը փոխում մեր մարմինը և ի՞նչ կարելի է անել դրա դեմ

Երբ խոսվում է էկրանների ազդեցության մասին, սովորաբար ուշադրությունը կենտրոնանում է հոգեկան առողջության վրա։ Սակայն մասնագետները նշում են, որ թվային սարքերի երկարատև օգտագործումը կարող է ազդեցություն ունենալ նաև մարմնի տարբեր համակարգերի վրա՝ սկսած կեցվածքից և տեսողությունից մինչև մկանային ուժն ու շարժողական հմտությունները՝ հայտնում է BBC-ն։

Եթե հեռախոսն օգտագործվում է մշտապես ներքև նայելով, գլուխը գտնվում է առաջ թեքված դիրքում։ Մասնագետների գնահատմամբ՝ այդ դիրքը կարող է զգալի լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծել պարանոցի վրա։ Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է նպաստել ողնաշարի սկավառակների, հոդերի և մկանների փոփոխություններին։

Խնդիրը մեղմելու համար խորհուրդ է տրվում հեռախոսը պահել աչքերի մակարդակին՝ դեմքից մոտավորապես մեկ ձեռքի երկարության հեռավորության վրա։ Նույն սկզբունքը վերաբերում է նաև համակարգչային մոնիտորներին։ Մասնագետները նաև խորհուրդ են տալիս աշխատանքի ընթացքում պարբերաբար ընդմիջումներ անել։

Վերջին շրջանում քննարկվում է նաև այն հարցը, թե արդյոք մշտապես առաջ թեքված դիրքը կարող է արագացնել պարանոցի շրջանում կնճիռների առաջացումը։

Մաշկաբանների կարծիքով՝ տեսականորեն կրկնվող մեխանիկական լարվածությունը կարող է նպաստել նման փոփոխություններին։ Սակայն մինչ այժմ այդ կապը հաստատող բարձրորակ գիտական հետազոտություններ չկան։

Մաշկաբանները ուշադրություն են հրավիրում նաև խելացի ժամացույցների երկարատև կրելու  հետևանքների վրա։ Ժամացույցի տակ առաջացող տաք և խոնավ միջավայրը կարող է նպաստել մաշկի գրգռվածությանը, սնկային վարակների կամ էկզեմայի զարգացմանը։

Խորհուրդ է տրվում պարբերաբար հանել ժամացույցը, մաքրել ինչպես մաշկը, այնպես էլ սարքը, իսկ անհրաժեշտության դեպքում օգտագործել պաշտպանիչ քսուք։

Կարճատեսության տարածվածությունը վերջին տասնամյակներում զգալիորեն աճել է, և շատերը դա կապում են էկրանների օգտագործման հետ։ Սակայն ԱՄՆ-ի Օհայոյի պետական համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Մուտտիի խոսքով՝ ավելի քան 20 տարի տևած հետազոտությունները ցույց են տվել, որ հեռախոսը կամ գիրք կարդալը, ինքնին չի հանդիսանում հիմնական պատճառը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ թվային սարքերը կարող են ազդել նաև շարժողական հմտությունների վրա՝ այն կարողությունների, որոնք ապահովում են ուղեղի և մարմնի համակարգված աշխատանքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչպե՞ս են թվային սարքերը փոխում մեր մարմինը և ի՞նչ կարելի է անել դրա դեմ