Առնվազն 12 մարդ է մահացել Գանայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով
Հասարակություն
21:12 02/07/2026
Աշխարհ

Առնվազն 12 մարդ է մահացել Գանայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով

Առնվազն 12 մարդ է մահացել Գանայի մայրաքաղաք Աքրայում ջրհեղեղի հետևանքով։ Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Գանայի ազգային հրշեջ ծառայությունը, իսկ փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։

Հրշեջ ծառայության տվյալներով՝ ջրհեղեղների հետևանքով զոհված 12 անձանցից երեքը կանայք են, ութը՝ տղամարդիկ, իսկ մեկը՝ երեխա։ Ծառայությունը հայտնել է նաև, որ մինչ օրս փրկվել է ավելի քան 470 մարդ՝ հավելելով, որ զոհերի թվի վերաբերյալ թարմացումներ կհրապարակվեն հաստատված տվյալների առկայության դեպքում։

Նախագահ Ջոն Դրամանի Մահաման հայտարարել է, որ նախնական տվյալներով Աքրայում տեղացել է շուրջ 140 միլիմետր անձրև, ինչը վերջին տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Նրա խոսքով՝ անցյալ տարի մեկ օրվա ընթացքում գրանցված տեղումների առավելագույն քանակը կազմել է մոտ 56 միլիմետր։

Մահաման նշել է, որ տեղումների աննախադեպ ծավալը պայմանավորված է կլիմայական պայմանների փոփոխությամբ՝ ընդգծելով, որ դա կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող գործոն է։

Աքրան անձրևոտ սեզոնի ընթացքում պարբերաբար բախվում է ջրհեղեղների։ Մասնագետները դրանց հետևանքների ծանրացման հիմնական պատճառներից են համարում անբավարար ջրահեռացման համակարգերը, ջրային ուղիների վրա իրականացվող չարտոնված շինարարությունը և քաղաքային ոչ ճիշտ պլանավորումը։

Կառավարության խոսնակը երեքշաբթի տարածված հայտարարությամբ հայտնել է, որ ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքների համար կհատկացվի մոտ մոտ 27 միլիոն դոլար։

Նախագահ Մահաման նաև հանձնարարել է Գանայի զինված ուժերի և ոստիկանության անձնակազմին ներգրավել մայրաքաղաքում իրականացվող փրկարարական և օգնության գործողություններին՝ աջակցելու Ազգային աղետների կառավարման կազմակերպությանը (NADMO) և մյուս անվտանգության ծառայություններին։

Հորդառատ անձրևներից տուժել է նաև հարևան Կոտ դ'Իվուարը։ Երկրի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հրապարակել զոհերի թիվը, սակայն հրշեջ ծառայությանը և ներքին գործերի նախարարին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերի թիվը մոտ 20 է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առնվազն 12 մարդ է մահացել Գանայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով