Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և ֆինանսական միջոցներ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով աշխատանքից ազատվեցին ԿԳՄՍ նախարարության երկու տեղակալները, բայց նախարարի մասով հայտնի է, որ վերանշանակվելու է։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածք և ֆինանսական միջոցներ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Ժաննա Անդրեասյանը ունի երկու բնակարան։ Դրանցից մեկը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և գնման միջոցով ձեռք է բերվել դեռևս 1994 թվականին, իսկ մյուսը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում է և գնվել է 2011 թվականին։ Նախարարը շարունակում է ունենալ նաև 2022 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենան, որը գնել էր 2022 թվականի վերջին։
2025 թվականին նախարարն իրականացրել է նաև խոշոր ֆինանսական գործարք՝ 30 միլիոն դրամի անտոկոս փոխառություն տրամադրելով Արտակ Անդրեասյանին։ Միաժամանակ ամբողջությամբ մարվել է «Կոնվերս բանկում» ունեցած 14 տոկոս տոկոսադրույքով վարկը, որի մարմանն ուղղվել է 5 միլիոն 452 հազար 460 դրամ։ Տարեսկզբի 5 միլիոն 364 հազար 558 դրամ բանկային միջոցները տարեվերջին աճել են՝ հասնելով 10 միլիոն 602 հազար 424 դրամի։
Նախարարի տարեկան եկամուտը կազմել է 25 միլիոն 598 հազար 679 դրամ, որը ամբողջությամբ աշխատանքի վարձատրություն է ԿԳՄՍ նախարարությունից։ Հայտարարագրում նշվում է նաև, որ նա շարունակում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել մի շարք պետական հիմնարկների և հիմնադրամների խորհուրդներում, այդ թվում՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» պետական հիմնարկում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ում, «Մատենադարանում», Հայաստանի կինոյի հիմնադրամում, Մշակույթի զարգացման հիմնադրամում և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնում, ինչպես նաև անդամակցում է «Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպությանը։
Ժաննա Անդրեասյանի ընտանիքի ֆինանսական պատկերը զգալիորեն փոխվում է, եթե հաշվարկվում են նաև ամուսնու՝ Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանի 2025 թվականի հայտարարագրի տվյալները։
Պետրոս Ղազարյանը 2025 թվականին 60 միլիոն 130 հազար դրամով վաճառել է Երևանում գտնվող իր առանձնատունը, ինչից հետո նրա սեփականությունում մնացել է միայն Քանաքեռ-Զեյթունում գտնվող բնակարանը։ Հանրային հեռուստաընկերությունից նա ստացել է ընդհանուր 40 միլիոն 128 հազար 637 դրամ եկամուտ, որից 18 միլիոն 145 հազար 917 դրամը աշխատավարձ է, իսկ 21 միլիոն 982 հազար 720 դրամը՝ քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված վճարումներ։ Տարեվերջին նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 40 միլիոն դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ 1 միլիոն 616 հազար 41 դրամ։ Միաժամանակ նա ամբողջությամբ մարել է «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի և «Արդշինբանկ»-ի վարկերը՝ ընդհանուր առմամբ վճարելով 42 միլիոն 341 հազար 584 դրամ։
Եթե փորձենք հաշվել նրանց ընտանեկան բյուջեն ընդհանուր 2025 թվականին, ապա ստացվում է՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և նրա ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի պաշտոնապես հայտարարագրված տարեկան եկամուտները կազմել են 65 միլիոն 727 հազար 316 դրամ։ Տարեվերջին ընտանիքը հայտարարագրել է 52 միլիոն 218 հազար 465 դրամ դրամական միջոցներ (բանկային հաշիվներ և կանխիկ), ինչպես նաև 30 միլիոն դրամի տրված փոխառություն։
Ստացվում է, նախարարն ավելի ցածր աշխատավարձ է ստանում. ըստ հայտարարագրի ամսեկան մոտ 2 մլն դրամ, իսկ ամուսինը՝ ամսական մոտ 3.3 մլն դրամ աշխատավարձ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։