Գերմանիան 2027-ի բյուջեով նախատեսում է 203,6 մլրդ եվրոյի նոր պարտք
Տնտեսություն
17:52 04/07/2026
Աշխարհ

Գերմանիան 2027-ի բյուջեով նախատեսում է 203,6 մլրդ եվրոյի նոր պարտք

Գերմանիայի կառավարությունը երկուշաբթի կհաստատի 2027 թվականի պետական բյուջեի առաջին նախագիծը, որի շրջանակում նախատեսվում է ներգրավել 203,6 միլիարդ եվրոյի նոր պարտք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարությանը։

Նոր պարտքի ծավալը զգալիորեն գերազանցում է ապրիլին հայտարարված 196,5 միլիարդ եվրոն և բազմակի անգամ ավելի բարձր է 2024 թվականի 50,5 միլիարդ եվրոյի ցուցանիշից։ Աճը պայմանավորված է ներդրումային ծրագրերի և պաշտպանության ոլորտի ծախսերի ընդլայնմամբ։ Ընդհանուր պարտքից 118,7 միլիարդ եվրոն նախատեսված է հիմնական բյուջեի, 54,9 միլիարդ եվրոն՝ ենթակառուցվածքային ֆոնդի, իսկ 30 միլիարդ եվրոն՝ պաշտպանության հատուկ ֆոնդի միջոցով։

Պաշտպանության հիմնական ծախսերը 2027 թվականին կհասնեն 109 միլիարդ եվրոյի՝ 2026 թվականի 82,2 միլիարդ եվրոյի դիմաց։ Ուկրաինային տրամադրվող աջակցությունն ու անվտանգության այլ ծախսերը ներառյալ՝ այս ուղղությամբ ընդհանուր ֆինանսավորումը կկազմի 130,1 միլիարդ եվրո։ Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ մինչև 2029 թվականը պաշտպանության ծախսերը կհասնեն երկրի ՀՆԱ-ի 3,5 տոկոսի՝ 2026 թվականի 2,8 տոկոսի փոխարեն։

Ուկրաինային աջակցելու նպատակով 2027 թվականին կհատկացվի 11,6 միլիարդ եվրո, իսկ 2028-2030 թվականներին՝ ևս 8,5 միլիարդ եվրո։ Ֆինանսների նախարարության աղբյուրի խոսքով, Գերմանիան շարունակելու է անել անհրաժեշտ ամեն ինչ՝ Ուկրաինային աջակցելու համար։

Միաժամանակ, 2027 թվականին ընդհանուր ներդրումները կավելանան մինչև 117,5 միլիարդ եվրո՝ 2025 թվականի 78,9 միլիարդ եվրոյի համեմատ։ Նախատեսվում է նաև, որ 2027 թվականի բյուջեի ընդհանուր ծախսերը 2026 թվականի համեմատ կաճեն 5,9 տոկոսով՝ կազմելով 555,4 միլիարդ եվրո։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գերմանիան 2027-ի բյուջեով նախատեսում է 203,6 մլրդ եվրոյի նոր պարտք