Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի գործով հետախուզվում է Գերմանիայում բնակվող ուկրաինացի կին
Իրավունք
13:45 04/07/2026
Աշխարհ

Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի գործով հետախուզվում է Գերմանիայում բնակվող ուկրաինացի կին

Մոնակոյում այս շաբաթ տեղի ունեցած պայթյունի գործով, որի հետևանքով ծանր վիրավորվել են ուկրաինական ծագմամբ գործարար Վադիմ Իերմոլաևը, նրա զուգընկերը և անչափահաս որդին, գլխավոր կասկածյալ է համարվում Գերմանիայում բնակվող 39-ամյա ուկրաինացի Անաստասիա Բերեզովսկայան։ Հայտնում է The Guardian-ը։

Քննության տվյալներով՝ կինը հանցագործությունը կատարելիս տղամարդու հագուստով է եղել։ Կինը հետախուզվում է սպանության փորձի, հասարակական վայրում պայթուցիկ սարք տեղադրելու և հանցավոր դավադրության մեղադրանքներով։ Գերմանիայի ոստիկանությունը խուզարկել է նրա բնակարանն ու մեքենան՝ հայտնաբերված ապացույցները փոխանցելով Մոնակոյի իրավապահներին։

Քննության վարկածով՝ պայթուցիկ սարքը տեղադրվել էր բնակելի շենքի մուտքում և հեռակառավարմամբ գործի դրվել այն պահին, երբ շենք էին մտնում Իերմոլաեւը, նրա զուգընկերը և 13-ամյա որդին։ Երեխան ստացել է թեթև վնասվածքներ, իսկ երկու մեծահասակները ծանր վիճակում տեղափոխվել են Նիսեի հիվանդանոցներ։ Բժիշկների տեղեկացմամբ՝ Իերմոլաևի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, մինչդեռ կնոջ վիճակը շարունակում է մնալ ծանր։

Մոնակոյի դատախազությունը չի բացառում, որ կասկածյալը գործել է հանցակիցների հետ։ Ըստ քննության՝ պայթյունից հետո նա ոտքով անցել է Ֆրանսիա, ապա վարձակալած ավտոմեքենայով վերադարձել Գերմանիա։

Վադիմ Իերմոլաևը, որը վերջին տարիներին բնակվում է Մոնակոյում և Կիպրոսի քաղաքացի է, 2023 թվականից ընդգրկված է Ուկրաինայի պատժամիջոցների ցանկում՝ Ղրիմում իր բիզնես գործունեության պատճառով։ 2021 թվականին նրա կարողությունը գնահատվել էր շուրջ 220 մլն դոլար։

Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ը կատարվածը որակել է որպես «նողկալի գործողություն»՝ ընդգծելով, որ գործի բացահայտման համար մոբիլիզացվել ենիրավապահ և հանրային բոլոր ծառայությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի գործով հետախուզվում է Գերմանիայում բնակվող ուկրաինացի կին