Երկիր մոլորակի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել
Հասարակություն
14:56 04/07/2026
Աշխարհ

Երկիր մոլորակի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել

Երկիր մոլորակի վրա սկսվել է G3 մակարդակի ուժեղ մագնիսական փոթորիկ, որի մասին գիտնականները նախազգուշացրել էին մի քանի օր առաջ։ Այս մասին հայտնում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ԻԿԻ) Արեգակնային աստղագիտության լաբորատորիային։

Մասնագետների խոսքով, մագնիսական փոթորիկը սկսվել է նախնական կանխատեսման համեմատ մոտ մեկ օր ուշացումով։ Ուժի առումով այն արդեն դարձել է տարվա երրորդ խոշոր իրադարձությունը՝ երկրորդը G4.67 մակարդակի հունվարի 19–21-ի երևույթից հետո, և համեմատելի է մարտի 21-ին դիտարկված փոթորկի հետ։ Միևնույն ժամանակ, ներկայիս գեոմագնիսական փոթորիկը, ըստ դիտարկումների, ավելի կարճատև է։

Գիտնականները նշում են, որ Երկրի մագնիսական դաշտը գրեթե մեկ օր դիմակայել է Արեգակից եկող զանգվածային արտանետումների ազդեցությանը։ Առաջին հոսքը մոլորակ է հասել նախորդ օրը, սակայն հետագայում գեոմագնիսական դաշտը չի կարողացել լիովին դիմադրել դրա ազդեցությանը։

Լաբորատորիայից հավելել են, որ ներկայիս մագնիսական փոթորիկը դեռ կարող է դառնալ տարվա երկրորդ ամենաերկարատևը, սակայն, ամենայն հավանականությամբ, չի գերազանցի հունվարյան իրադարձության տևողությունը։

Մասնագետները նաև ընդգծել են, որ չնայած Արեգակի վրա դիտվող խոշոր բծերի խմբերին, դրանք մինչ այժմ չեն առաջացրել հատկապես ուժեղ բռնկումներ։

Ավելի վաղ գիտնականները նախազգուշացրել էին Արեգակի վրա հնարավոր հզոր բռնկման մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երկիր մոլորակի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել