Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նեպալում փիղը 14 տարի շարունակ հետшպնդել է նույն ընտանիքին՝ uպшնելով չորս անդամի
Նեպալում Դհուրբե անունով փիղը շուրջ 14 տարի շարունակ հետապնդել է միևնույն ընտանիքի անդամներին՝ սպանելով նրանցից չորսին ։ «ՏԱՍՍ» լրատավական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Kathmandu Post-ը։
Առաջին ողբերգությունը տեղի է ունեցել 2012 թվականին, երբ փիղը սպանել է Շանիչարա Բոտեի հորն ու մորը։ Դրանից հետո Բոտեների ընտանիքը վաճառել է իր ունեցվածքը և տեղափոխվել երկրի մեկ այլ շրջան՝ համոզված լինելով, որ նոր բնակավայրում անվտանգ կլինի։ Սակայն հուլիսի 5-ին Դհուրբեն կրկին հարձակվել է ընտանիքի վրա՝ ոտնակոխ անելով Բոտեի հարսին և չորսամյա թոռանը։
Դհուրբեի հարձակումները մարդկանց վրա փաստաթղթավորված են Նեպալի հարավում՝ Կատմանդուից շուրջ 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չիտվան ազգային պարկի արխիվներում։ Ըստ տվյալների՝ փիղը ենթադրաբար սպանել է առնվազն 25 մարդու, այդ թվում՝ որսագողերի դեմ պայքարող երկու զինվորի։
2012 թվականին կենդանու վրա տեղադրվել է հետևող վզնոց, սակայն այն կարճ ժամանակ անց խափանվել է։ Հետագա հարձակումներից հետո ազգային պարկի աշխատակիցներն ու Նեպալի բանակի զինծառայողները որոնողական և վնասազերծման գործողություններ են իրականացրել։ Նրանք երկու անգամ կրակել են փղի վրա՝ վիրավորելով նրան, սակայն Դհուրբեին հաջողվել է փախչել ջունգլիներ։ Որոշ ժամանակ ենթադրվում էր, որ նա մահացել է ստացած հրազենային վնասվածքներից, սակայն 2016 թվականի ձմռանը կրկին հայտնվել է ազգային պարկի արևմտյան հատվածում։
2020 և 2023 թվականներին Դհուրբեի վրա կրկին տեղադրվել են արբանյակային վզկապներ՝ նրա տեղաշարժը վերահսկելու նպատակով։ Չիտվանի բնապահպանության պատասխանատու Աբինաշ Թհապա Մագարի խոսքով՝ դրանք անհրաժեշտ են այս չափազանց ագրեսիվ կենդանու շարժումները հետևելու համար։
Նրա խոսքով, երբ տեղեկություններ են ստացվում, որ փիղը մոտենում է բնակավայրերին, անտառապահների և Նեպալի բանակի համատեղ խումբը փորձում է նրան հետ մղել դեպի անտառ։ Սակայն հուլիսի 4-ի երեկոյան, թեև Դհուրբեն գտնվել է միջադեպի վայրի հարակից տարածքում, նրան կանգնեցնելու փորձը հաջողությամբ չի ավարտվել։